Wednesday, November 24, 2010

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

«Լրագիր» 24-11-2010- Կոալիցիոն ուժերը հաջորդ շաբաթ մտադիր են հավաքվել եւ քննարկել քաղբանտարկյալների ազատ արձակման հնարավորությունը: Այդ մասին օրերս հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Այն մասին, որ իշխանությունը ցանկանում է, սակայն չգիտե ինչպես ազատել քաղբանտարկյալներին, ասել են թե խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, թե Գալուստ Սահակյանը, թե ՀՀԿ այլ պատգամավորներ:
Հետաքրքիր է ստացվում. Ի՞նչ է նշանակում չգիտեն, թե ինչպես ազատ արձակեն: Եթե կա այդ մարդկանց ազատ արձակելու անհրաժեշտության գիտակցում եւ ցանկություն, նշանակում է պետք է լինի այն բանի գիտակցումը, որ նրանք կալանավորված են անօրինական եւ դատապարտվել են քաղաքական պատճառներով: Բավական է դա ընդունել, չեղյալ համարել դատավճիռները, եւ այդ մարդիկ կարող են ազատության մեջ լինել: Քանի որ դա չի արվում, նշանակում է իշխանությունը ուղիներ է փնտրում ոչ թե ազատ արձակելու, այլ դատավճիռների անօրինականությունը կոծկելու համար:
Պատգամավորներն ասում են, թե մի քանի ճանապարհ կա` համաներում, ազատվելու խնդրագիր, ինչպես նաեւ նոր հանգամանքների ի հայտ գալու կապակցությամբ գործերի վերանայում: Դա նման է անեկդոտի, երբ տրոլեյբուսի վարորդը հայելու մեջ տեսնում է տրոլեյբուսի հետեւից վազողին եւ մտածում` տեսնես կհասնի՞: Հետո դեմքին փակում է դռները եւ ափսոսանքով ասում` չհասցրեց:

Ո՞ւմ է խաբում կոալիցիան: Չէ՞ որ երբ այդ մարդկանց բանտարկել են իր գիտությամբ` այդ ժամանակ ուղիներ գտնվել են, որպես կանոն` անօրինական: Ներկայում, ազատ արձակելու համար որոշել են գտնել օրինական ճանապարհներ:

Ինչպես ասում են, զինվորը քնում է, ծառայությունն անցնում է: Մինչ որոշեն, թե ինչն է լավ` համաներումը թե ներումը, մեծամասնությունը կնստի իր ժամկետը, եւ իշխանությունը հպարտությամբ կասի, որ կարող է նստեցնել ում ուզի:

No comments: