Tuesday, November 23, 2010

ԾԱՆՈԹ ԴԵՄՔԵՐ

Դժվար է ասել, թե նկատել են արդյոք Լիսաբոնում Սերժ Սարգսյանի բացակայությունը: Այնտեղ բավական կարեւոր հարց էր քննարկվում` ՆԱՏՕ նոր ռազմավարությունը, որի առանցքային բաղադրիչը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունն է: Ամենեւին զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանի բացակայությունը Լիսաբոնում չի էլ նկատվել:
Թեեւ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կարճատեւ հանդիպում է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւի հարցրած կլինի, թե Սերժ Սարգսյանն ինչու չի եկել: Այլապես էլ ինչ պիտի խոսեին Օբաման ու Նալբանդյանը: Տեսնես Հայաստանի արտգործնախարարը հասցրե՞լ է արդյոք ԱՄՆ նախագահին ներկայացնել այն բացատրությունը, որ պաշտոնական Երեւանը հրապարակեց Սերժ Սարգսյանի չմեկնելու կապակցությամբ: Ընդհանրապես չի էլ բացառվում, որ Օբաման նույնիսկ դա էլ չի հարցրել, այլ պարզապես նկատել է Էդվարդ Նալբանդյանին, որի դեմքը նրան շատ ծանոթ է թվացել, եւ ԱՄՆ նախագահը փորձել է հետաքրքրվել, թե որտեղից է Նալբանդյանի դեմքն այդքան ծանոթ: Դե Հայաստանի արտգործնախարարն էլ հիշեցրել է երեւի, թե որտեղից, ու Վեհաժողովը շարունակել է իր սովորական ընթացքը, կրկին չնկատելով Սերժ Սարգսյանի բացակայությունը:

Ընդհանրապես, իրավիճակը բավական զավեշտալի ստացվեց: Բանն այն է, որ ՆԱՏՕ-ն տարածքային հակամարտությունների հարցում միշտ եղել է այն կարծիքին, ինչի պատճառով որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց Լիսաբոն մեկնել: ՆԱՏՕ-ն միշտ էլ հանդես է եկել երկրների տարածքային ամբողջության եւ անկախության անխախտելիության օգտին եւ չի խոսել ազգերի ինքնորոշման մասին:

Այնպես որ, Լիսաբոնի հռչակագրի դրույթը նոր չէ: Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի այդ մոտեցման մասին գիտեր նաեւ այն ժամանակ, երբ Բրյուսելում` 2010 թվականի մայիսին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ին փաստացի առաջարկում էր անպայման ներգրավվել Ղարաբաղի հակամարտության մեջ, թեեւ դրանից առաջ Ռասմուսենը հայտարարել էր հակառակը: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանին կարծես թե չէր հուզում, որ ՆԱՏՕ-ն արտահայտվում է միայն տարածքային ամբողջության օգտին եւ մոռանում ինքնորոշման իրավունքի մասին:

Սերժ Սարգսյանը դրա մասին կարծես թե մոռացել էր նաեւ այն ժամանակ, երբ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Հայաստանում նրան հրավիրում էր մասնակցել Լիսաբոնի Վեհաժողովին: Դրանից հետո պաշտոնական Երեւանը կարծես թե որեւէ անգամ որեւէ կերպ չփորձեց հրապարակավ խոսել այն մասին, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Հայաստանի համար ընդունելի չէ, եւ եթե Լիսաբոնի Վեհաժողովում այդ դիրքորոշումը չփոխվի, ապա Հայաստանը այդ Վեհաժողովին կմասնակցի նախագահի մակարդակից ցածր մակարդակով:

Ու հանկարծ, Մոսկվա այցելելուց եւ վաղվա օրվա մասին հավատով լցվելու մասին հայտարարելուց հետո, Սերժ Սարգսյանը որոշում է դժգոհել ՆԱՏՕ դիրքորոշումից ու չմեկնել Բրյուսել:

Պաշտոնական Երեւանի այդ աստիճան տատանումն ու բեկումը խոսում է ոչ թե ճկունության, այլ պարզապես արտաքին քաղաքականության հարցում հայեցակարգային պատկերացումների բացակայության մասին: Դրա համար էլ երբ միջազգային ֆորումներում Հայաստանի պաշտոնյաները կարճատեւ կամ երկարատեւ հանդիպումներ են ունենում գերտերությունների ղեկավարների հետ, շատ մեծ է հավանականությունը, որ այդ հանդիպումներից գերտերությունների ղեկավարների մոտ ընդամենը մեր պաշտոնյաների դեմքերն են հիշվում, որոնք հետո “ծանոթ են թվում”, քանի որ մտքեր, գաղափարներ, նախաձեռնություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Դրանց համար անհրաժեշտ է արտաքին քաղաքականության հայեցակարգային պատկերացումներ, այլ կերպ ասած` պատկերացում վաղվա օրվա մասին:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է ոչ թե վաղվա օրվա մասին պատերացմամբ, այլ հավատով: Դա դեռ մեծ հոգս չէր լինի, եթե վաղվա օրվա հանդեպ հավատը կառուցվեր Աստծո հույսով, ինչպես Աստվածաշունչն է հորդորում եւ ինչպես վայել կլիներ քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգին: Բայց Հայաստանի իշխանությունը վաղվա օրվա հավատը կառուցում է Կրեմլի հույսով, ամենեւին չթաքցնելով իր հավատի այդ աղբյուրը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: