Saturday, November 27, 2010

Հասարակությունը կպարտադրի ազատել քաղբանտարկյալներին. բողոքի ցույց

Tert.am. 26-11-2010- Քաղաքական բանտարկյալների և հալածյալների կոմիտեն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրեց իր ուրբաթօրյա ավանդական բողոքի ակցիան՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Բանտարկված գործիչների կանայք, հարազատներն ու աջակիցները վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատեք Նիկոլին»։ Գլխավոր դատախազության շենքը հսկում էին բազմաթիվ ոստիկաններ։
Հայ ազգային կոնգեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը Tert.am–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով իրենց կատարած քայլերն արդյունք են տալիս։ «Համոզված ենք, որ մեր այս քայլերով, մեր գործողություններով այն ճանապարհն ենք ընտրել, որը պետության համար և պետության ապագայի համար ամենաճիշտ ճանապարհն է »,– ասաց Խաչատրյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ իրենք չեն նահանջելու իրենց պահանջից և շարունակելու են պայքարը այնքան, մինչև ազատ արձակվի վերջին քաղբանտարկյալը։ «Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը։ Իշխանությունը, դատախազությունն էլ պետք է այս բոլորը հասկանան, որ մենք այստեղ ոչ թե գալիս ու պարզապես գոռում ենք, այլ իսկապես դա մեր սկզբունքն է»,– ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ այսօր արդեն հասարակության ճնշումն էլ է նկատելի քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում։ «Գործընթացը գնում է այն ճանապարհով, որ հասարակությունը կարծես թե ակտիվանում է։ Կարծում եմ՝ հասարակության ճնշումը շատ մեծ կլինի իշխանության վրա, ու իրենք պարտադրված են բաց թողնելու մեր ընկերներին»,– ասաց Մակեյանը։
2008-ից ի վեր ակցիային մասնակցող Աննա Մալխասյանը շեշտեց, որ իրենք չեն հոգնել պայքարից և շարունակելու են այն՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Բողոքի ակցիայից հետո տեղի ունեցավ երթ՝ դեպի ԵԽԽՎ երևանյան գրասենյակ։ Նրանք նամակներ հանձնեցին ԵԱՀԿ և ԵԽԽՎ երևանյան գրասենյակներին՝ պահանջելով հետևել Հայաստանի՝ իր ստանձնած պարտավորությունների կատարմանը։

No comments: