Saturday, November 27, 2010

Մինչեւ տարեվերջ Հայաստանը կսկսի ԵՄ երկրների վիզաների տրամադրման դյուրացման գործընթացը

News.am. 26-11-2010- Հայաստանն ակնկալում է մինչեւ տարեվերջ ստանալ Եվրամիության երկրներ վիզային ռեժիմի մեղմացման գործընթացն սկսելու մանդատը:
Վիզային ռեժիմի մեղմացումը նախատեսվում է Արեւելյան գործընկերության ծրագրով, որի անդամ են նախկին խորհրդային 6 երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը եւ Ուկրաինան:
«Պաշտոնական Բրյուսելը մեզ խոստացել է, որ մինչեւ այս տարվա վերջ Եվրամիության խորհրդի կողմից մանդատը կստանանք` սկսելու վիզաների տրամադրման դյուրացման գործընթացը: Դա կլինի առաջին փուլը, որի մեջ մտնում է, օրինակ, ուսանողների խմբի կամ պրոֆեսորների, դասախոսների, գործարարների գնալը, որ նրանք ավելի դյուրին գործընթացով վիզա ստանան», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:
Այնուհետեւ, ըստ նրա, կսկսվի վիզային ռեժիմի մեղմացման երկրորդ փուլը՝ ազատականացման փուլը, որի արդյունքում ավելի կհեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ: Կարինե Ղազինյանի կանխատեսմամբ ողջ գործընթացը առնվազն 5 տարի կպահանջի:
«Դա, իհարկե, մի քիչ երկար կտեւի, որովհետեւ խոչընդոտներ կան, բայց ես կարծում եմ` այն իր փուլով գնում է»,- ասել է փոխնախարարը, հավելելով, որ այս գործընթացի տեւողությունը կախված է նաեւ նրանից, թե Հայաստանը ինչպես կկատարի Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

No comments: