Tuesday, November 9, 2010

Կանադայի Ազատական կուսակցության ղեկավար. Հայոց ցեղասպանության ուրացումն անթույլատրելի է

News.am. 8-11-2010- Նոյեմբեր 6-ին, Կանադայի Ազատական կուսակցության ղեկավար Մայքլ Իգնատեւն իր գործընկերների հետ միասին այցելել է Մոնրեալի Հայ Կենտրոն եւ հանդիպել Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հետ: Հանդիպման ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը, Մոնրեալի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը, Օտտավայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի տնօրենը եւ «Հորիզոնի» խմբագրությունը: Նշենք, որ ընդդիմության ղեկավարին ընկերակցել է առաջիկա դաշնակցային ընտրությունների Ահունցիք ընտրատարածքի Ազատական կուսակցության թեկնածու Նուշիկ Էլոյանը:
Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը թվել է կանադահայության հուզող մի շարք հիմնահարցեր, հատկապես անդրադառնալով Կանադայում Հայոց Ցեղասպանությունն ուրանալու թուրքական քարոզչության ծավալման իրողությանը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է, որ անհրաժեշտ է հավելյալ զարկ տալ Կանադա-Հայաստան դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը եւ կարեւորել Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը:
Նա անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հիմնահարցին, Մայքլ Իգնատեւին ներկայացնելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին զարգացումները եւ հատկապես շեշտելով վերջին տարիների Ադրբեջանի հարձակողական քաղաքականության գործընթացը:
Իգնատեւը խոստացել է իրեն փոխանցված հարցերին համապատասխան լուծումներ որոնել: Նա հաստատել է, որ Կանադան կարեւորում է Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը: Անդրադառնալով Կանադայում սպասվող ընտրությունների թեմային, Իգնատեւը Կանադայի Հայ Դատի հանձնախմբի եւ Մոնրեալի հայության աջակցությունն է խնդրել Նուշիկ Էլոյանի ընտրապայքարի առնչությամբ:
Կանադայի Հայ Դատի Շրջանային հանձնախմբի ատենապետ Ժիրայր Բասմաջյանը հարց է ուղղել Իգնատեւին. «Մարդու իրավունքների դրոշակակիրը հանդիսացող Կանադան ինչպե՞ս պետք է համոզի ՆԱՏՕ-ի իր գործընկեր Անկարային, որպեսզի նա վերջնականապես հրաժարի Հայոց Ցեղասպանության ուրացման քաղաքականությունից», ինչին կանադացի գործիչը պատասխանել է, որ Հայոց Ցեղասպանության ուրացումն անթույլատրելի է, վավերագրական փաստերի հերքումի փորձերը` անթույլատրելի ստեր են, իսկ Օտտավան պարտավոր է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային զգաստության հրավիրել, որպեսզի նա ընդունի պատմական ճշմարտությունը:

No comments: