Wednesday, November 24, 2010

Ռուսաստանում հանցագործությունների քանակով հայերն առաջատա՞ր են

Tert.am. 24-11-2010- Ռուսաստանի Դաշնությունում ներկա պահին կա 7 միլիոն օտարերկրացի, որոնցից 4 միլիոնն աշխատանքային միգրանտներ են։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին։
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների քաղաքացիները, օգտվելով ռուսական օրենքների ընձեռած հնարավորություններից, աշխատում են Ռուսաստանի տարածքում և հարկեր չեն վճարում։
Նշելով, որ ԱՊՀ երկրների քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ՌԴ տարածքում առանց վիզայի գտնվել 3 ամիս, Ռոմոդանովսկին ընդգծել է, որ այդ դեպքում խոսքը վերաբերում է միայն զբոսաշրջիկի վիզային։
«Ուկրաինացիները 3 ամիս աշխատում են Ռուսաստանում և վերադառնում իրենց երկիր։ Նրանք հարկեր չեն վճարում։ Իսկ օրենքներն ամենից շատ խախտում են մոլդովացիները։ Սակայն նրանք էլ ուկրաինացիների պես երեք ամիս աշխատելուց հետո դուրս են գալիս Ռուսաստանից, կրկին վերադառնում և շարունակում անօրինական աշխատել։ Նման կարգավիճակում են գտնվում նաև ուզբեկներն ու տաջիկները»,– ասել է ՌԴ միգրացիոն ծառայության պետը։
Անդրադառնալով Ռուսաստանում միգրանտների կողմից կատարվող հանցագործություններին՝ Ռոմոդանովսկին նշել է, որ օտարերկրացիներին այստեղ բաժին է ընկնում միայն 3,5%–ը։
«Հիմնականում ՌԴ տարածքում հանցագործություններ են գործում Հայաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիները»,– ասել է ՌԴ միգրացիոն ծառայության պետը։

No comments: