Saturday, November 13, 2010

ՄԱՖԻԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 12-11-2010- Ի՞նչ նկատի ունեին ամերիկյան իրապահները, երբ ասում էին, որ Պզոյենց հայկական մաֆիան նույնիսկ սիցիլիականից ավելի կազմակերպված էր: Եթե ընդունենք այն վարկածը, որ այդ հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, ապա նաև ձևակերպումը պետք է որ դիվանագիտական օրենքներին համապատասխան կազմված լինի: Այսինքն, երբ դիվանագետներն ինչ-որ բան են ասում, ապա պետք է զգալի մտավոր ճիգեր գործադրել, հասկանալու համար, թե որն էր իրական թաքնված իմաստը:
Դժվար թե հայկական նորաստեղծ մաֆիան լիներ ավելի կազմակերպված, քան սիցիլիականը, որը բյուրեղացել է մի քանի դարերի ընթացքում և մեր օրերը հասել բավական բարդ աշխարհայացքով, վարվեցողության ու պատասխանատվության կանոններով: Կարճ ասած, յուրահատուկ էթիկայով և էսթետիկայով:
Պետք չէ տուրք տալ ազգային սնափառությանը և երևակայել, որ հայերս ավելի հնարամիտ ենք, քան իտալացիները: Կարծես թե ուղերձի հիմնական իմաստն այլ հարթության մեջ է պետք որոնել: Ինչո՞վ ենք մենք տարբերվում Սիցիլիայից: Հիմնական տարբերությունն այն է, որ Սիցիլիան, ի տարբերություն մեզ, չունի պետականություն, այսինքն չի կարող ունենալ կազմակերպվածության այն բարձրագույն ձևը, որը կոչվում է պետություն: Գուցե դա՞ էին ակնարկում ամերիկացի իրավապահները:

No comments: