Wednesday, November 3, 2010

ԳՈՆԵ ՁԵՎԵՐ ԹԱՓԵԻՆ

«Լրագիր» 3-11-2010- ԼՂՀ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, որ ԼՂՀ իշխանությունը, “հերթական անգամ ցուցաբերելով բարի կամք եւ առաջնորդվելով միջազգային հումանիտար նորմերով, պատրաստակամություն է հայտնել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողների դիակները”: Միեւնույն ժամանակ, պետական հանձնաժողովը հույս է հայտնել, որ Ադրբեջանն էլ կվերադարձնի հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց դիակները:
Ակնհայտ է, որ Ղարաբաղի իշխանությունն արձագանքում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահական մակարդակի հանդիպումից հետո ընդունված հռչակագրին, որով պատրաստակամություն է հայտնվում փոխանակել ռազմագերիներին եւ վերադարձնել դիակները:
Բայց խնդիրն այն է, որ այդ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին ոչինչ չկա, այն ընդունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ուրեմն ինչո՞ւ հանկարծ ԼՂՀ իշխանությունը որոշեց բարի կամք ցուցաբերել: Ինչի՞ց ելնելով: Մի՞թե նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինչ որ բան են պայմանավորվել Ռուսաստանի հորդորով, անտեսելով Ղարաբաղին:

Ինչո՞ւ է Ղարաբաղի իշխանությունն ինքն իրեն չի հարգում եւ չի սպասում, որ Աստրախանում հռչակագիր ստորագրած կողմերը կամ այդ հռչակագրի նախաձեռնողները գոնե մի կես բերան իրեն էլ դիմեն, ասելով, թե հարգելի Ղարաբաղի իշխանություն, գիտես, մենք մի էսպիսի հռչակագիր ենք ստորագրել, մոռանալով քեզ, հիմա հիշել ենք, եւ խնդրում ենք չընդդիմանալ եւ չտապալել այդ հռչակագիրը:

Թեեւ միգուցե Ղարաբաղի իշխանությունը մտածել է, որ այդպիսի բան երբեք չի էլ լինի, էլ իզուր ինչի սպասել եւ ավելորդ խոսակցություն բերել իրենց վրա:

Բայց գոնե Հայաստանի իշխանության մեջ մեկը լիներ ու ֆայմեր, որ լավ, անկախությունը պաշտոնապես չենք ճանաչում` չենք ճանաչում, արժե գոնե ձեւի համար արտգործնախարարության մակարդակով մի հրապարակային դիմում հղել Ղարաբաղի իշխանությանը, խնդրելով օժանդակել Աստրախանում կնքված հռչակագրի իրականացմանը եւ վերադարձնել ադրբեջանցիների դիակները: Ղարաբաղն էլ ձեւի համար կասեր, թե չնայած ձեզ չի հասնում, որ գնացել երեքով ինչ որ հռչակագրեր եք ընդունում ինձ անտեսելով, բայց քանի որ խոսքը հումանիզմի մասին է, ես կընդառաջեմ ձեզ ու կհամաձայնեմ վերադարձնել ադրբեջանցիների դիակները:

Թեեւ Հայաստանում ձեւեր թափել ընդունված է միայն ժողովրդավարության հարցերում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: