Wednesday, November 24, 2010

Ո՞ր քաղաքական ուժերին են վստահում հայաստանցիները. «Պոպուլուսը» հրապարակել է հարցման արդյունքները

Tert.am. 23-11-2010- Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ–քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ բրիտանական «Պոպուլուս» հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող ընկերության անցրացրած հարցման հայաստանյան արդյունքները։
Հետազոտությունը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի, Եվրամիության, ԵԱՀԿ–ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին։
Այսպես, ըստ հարցման արդյունքների՝ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ այն քաղաքական գործիչը, որի օգտին կքվեարկեին առավելագույն թվով ընտրողներ, եթե կրկին նախագահական ընտրություններ լինեին։ Նա գրեթե 3 անգամ ավելի շատ կողմակիցներ ունի (28 տոկոս), քան հաջորդ առավել ուժեղ հնարավոր թեկնածու Գագիկ Ծառուկյանը՝ (10 տոկոս)։
Բոլոր տարիքային խմբերին պատկանող հարցվողների մեծամասնությունն ասում է, որ իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, թեև նա ավելի շատ կողմնակիցներ ունի մեծահասակների, քան երիտասարդների շրջանում։ Այնուամենայնիվ, շատերը նշում են, որ չգիտեն, թե ում կտային իրենց ձայնը, կամ՝ որ ոչ ոքի օգտին էլ չէին քվեարկի։
Ըստ հարցման տվյալների՝ Սարգսյանը ավելի շատ կողմնակիցներ ունի, քան իր կուսակցությունը, ինչը բնորոշ է տարբեր երկրների ղեկավարներին։ Հարցվածների 26 տոկոսը խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 21 տոկոսը՝ ՀՀԿ–ին։
«Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցների մեջ գերակշռում են երիտասարդները, և ավելի ցածր կրթությամբ մարդիկ։ Իսկ բարձրագույն կրթություն ունեցողներն ավելի շատ կքվեարկեին ՀՀԿ–ի օգտին։ Ընտրողների 7 տոկոսն իր ձայնը կտա ՀՅԴ–ին, 4 տոկոսը՝ «Օրինաց երկրին» և 3 տոկոսը՝ ՀԱԿ–ին։
Կան նաև քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, որոնց բնակչության որոշ հատվածը ձայն չէր տա։ Հարցվողների 27 տոկոսն ասում է, որ երբեք չի քվեարկի Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ 13-ական տոկոսը չի քվեարկի Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի օգտին։ Հարցվողների 5-րդ մասից քիչ պակասը ձայն չէր տա «Օրինաց երկիր» կուսակցությանը, 13 տոկոսը՝ ՀԱԿ-ին, 10 տոկոսը՝ ՀՀԿ-ին, նույնքան էլ՝ ՀՅԴ-ին։ Հարցվողների միայն 3 տոկոսն է ասել, որ երբեք չի քվեարկի «Բարգավաճ Հայաստանի» օգտին։
Ինչպես հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիների ուղիղ կեսը կարծում է, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ, և այս պնդումը ճիշտ է ժողովրդագրական բոլոր խմբերին պատկանող մարդկանց մեծամասնության համար։
Ըստ Քամբեքի՝ համեմատած բազմաթիվ այլ երկրների հետ սա դրական արդյունք է։ ԱՄՆ–ում, օրինակ, հարցվողների մեկ երրորդից քիչ մասն է այն կարծիքին, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 40%–ից պակասը։
Այսպիսի դրական արդյունքի հիմնական պատճառը հատկանշական բարեփոխումներ են, որոնք, հայաստանցիների կարծիքով, տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում։ Մասնավորապես՝ հարցվողները կարծում են, որ Հայաստանում զարգացել են ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կրթությունը։ Ընդհանուր առմամբ հարցվողները կարծում են, որ կյանքի որակը 5 տարիների ընթացքում համեմատաբար բարելավվել է։
Միաժամանակ, հարցման մասնակիցներն այն կարծիքին են, որ սահմանափակ առաջընթաց է տեղի ունեցել ժողովրդավարության կայացման գործում, և գրեթե ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։
Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում նրանք նաև այն համոզման են, որ տնտեսության մեջ նույնպես քիչ առաջընթաց է արձանագրվել։
Ըստ հարցման արդյունքների՝ բնակչությանն ամենաշատը հուզող խնդիրը գործազրկությունն է։ Այսպես, հայաստանցիների մեկ քառորդը կարծում է, որ երկրի իշխանությունն ընդհանրապես չի ներկայացնում իրենց շահերը, իսկ 59%-ը կարծում է, որ այն միայն որոշ չափով է ներկայացնում դրանք։

No comments: