Wednesday, November 24, 2010

ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
2009 թ. մարտի 2-ին Թեհրանի «Հայ Ակումբի» դահլիճում «Սալես» հրատարակչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ պարսկերեն լեզվով թարգմանված իրանահայ հանրահայտ գործարար, բարերար եւ հասարակական գործիչ, ճրտգ. Լեւոն Ահարոնյանի հուշերի`«Փոթորկոտ կյանքիս օրերը» խորագրով, 1535 էջ պարունակող երկհատորանի գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է 2200 օրինակ տպաքանակով, «Սալես» հրատարակչության միջոցով:
Խոսելով գիրքը գրելու իր նպատակների մասին, Ահարոնյանը հուշերի էջ 388-ում հավաստում է. «Այս տողերը գրելով նպատակ չունեմ ներկայացնելու իմ գործունեությունը, այլ ցանկանում եմ բարեխղճորեն ու ճշգրտորեն ներկայացնել այն օրերում հայ համայնքի վիճակը, կենցաղային դրույթը եւ պատմությունը... այն համոզմունքով, որ պատմությունը գրելու համար հարկավոր է լինել անկողմնակալ, հիմնվել ճիշտ եւ հավաստի փաստաթղթերի վրա, որոշեցի ամենայն անկեղծությամբ գրի առնել այն»:
Իրականում այս գիրքը, որպես հուշագրություն, լայն տեղեկություններ է պարունակում հեղինակի անձնական եւ ընտանեկան կյանքի, նրա տնտեսական, հասարակական եւ բարեգործական գործունեության մասին, որոնք սերտորեն շաղկապված են միմյանց եւ կարդացվում են խոր հետաքրքրությամբ, հաճախ նաեւ հուզումով ու հիացմունքով, որովհետեւ այդ տողերից վեր է հառնում բազում դժվարությունների միջով անցած եւ հաջողակ հայի կերպարը, որը երբեք չի մոռանում, որ ինքը զավակն է նույնպես բազում փորձություններ հաղթահարած մի ժողովրդի եւ, որ ինքը պարտք ունի կատարելու նրա հանդեպ:
Գիրքը նաեւ չափազանց հետաքրքրական տեղեկություններ է պարունակում Իրանի եւ մասնավորապես իրանահայ կյանքի վերջին տասնամյակների քաղաքական-հասարակական իրադարձությունների մասին, եւ որպես այդպիսին, այն պիտի համարել բացառիկ եւ աննախընթաց մի գործ, որը ներկայացնում է պատմական արժեք: Ահարոնյանը այս հատորներում բարձրաձայնում է այնպիսի հարցեր ու խնդիրներ, որոնց մասին քչերն են մեզանում համարձակվում կամ ցանկանում շշուկով անգամ անդրադառնալ, եւ հենց այդ պատճառով էլ ենթակա են մոռացության: Ահա թե ինչու հարկ է շնորհավորել հեղինակին իր կատարած ծավալուն աշխատանքի համար: Սակայն պետք է նշել, որ դժբախտաբար միշտ չէ, որ հեղինակին հաջողվում է տալ իրադարձությունների առարկայական եւ անկողմնակալ պատկերը: Նա հաճախ հենվում է իր լսածների եւ ենթադրությունների վրա եւ անում ոչ ճիշտ եզրակացություններ ու մեկնաբանություններ, ինչը հակասում է անաչառ պատմաբանի իր հավակնությանը:
Ստորեւ կանդրադառնանք մեր դիտողությունը հաստատող բազմաթիվ պարագաներից մի քանիսին, որոնց պարզաբանումը, հուսով ենք, կտրուկ փոփոխության կենթարկի հեղինակի եզրահանգումները: Նշենք նաեւ, որ մեր ուշադրության կենտրոնում լինելու են տվյալ ժամանակաշրջանի իրանահայ հասարակական-քաղաքական իրադարձությունները եւ դրանցում այս կամ այն չափով մասնակից ու դերակատար կազմակերպություններին ու անհատներին տված հեղինակի գնահատականները:
ԻՆՉՊԵՍ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Նախ տեսնենք, թե ինչպես Ահարոնյանը ներգրավվեց համայնքային վարչական գործերի մեջ եւ դարձավ թեմական խորհրդի նախագահ:
Դաշնակցությունը, որի ձեռքում էին գտնվում Իրանի հայկական ազգային բոլոր հաստատությունները, 1979-ի հեղափոխությունից հետո, վախենալով անցած վարչակարգին մատուցած իր անվերապահ ծառայությունների հետեւանքներից ու նաեւ այն հանգամանքից, որ չէր մասնակցել Իրանի իշխանափոխության հանրաքվեին, ինչպես նաեւ իրաքյան եւ սիրիական հեղափոխություններին հաջորդած իր դառը փորձից (Իրաքումՙ 1959թ. փակվեց կուսակցության «Գոտեմարտ» պաշտոնաթերթը եւ երկրից արտաքսվեցին կուսակցության պարագլուխներ դոկտ. Բաբկեն Փափազյանը եւ Գրիգոր Ստարջյանը («Ալբիլադ» օրաթերթ, 3 հունվար 1960), Սիրիայումՙ 1962 թ. ապրիլին երկրի զինվորական բարձրագույն դատարանը երեք դաշնակցականների դատապարտեց մահվանՙ լրտեսության եւ այլ մեղադրանքներով («Զարթոնք», 13 հոկ. 1962) պարտավորվեց որդեգրել նոր քաղաքականություն, այն էՙ հրապարակ չգալ կուսակցության անունով եւ ազգային ու հասարակական բեմից հեռու պահել իր անդամներին, նրանց փոխարեն առաջ քաշվեցին ոչ կուսակցական այնպիսի անհատներ, ովքեր անվերապահորեն կկատարեին կուսակցության հրահանգները: Հենց այս նպատակով էլ Նոր Ջուղայում առաջադրվեցին դոկտ. Մեսրոպ Բալայանը, որպես Իրանի Ի. Հանրապետության խորհրդարանի պատգամավորության թեկնածու, գնդապետ Մալուս Պողոսյանը, որը դարձավ Ն. Ջուղայի ներկայացուցչական ժողովի նախագահ, Լեւոն Ահարոնյանը եւ ...:
Ահարոնյանը ակամայից հաստատելով այդ փաստը, գրում է. «Հեղափոխությունից հետո դաշնակցություն կուսակցության պարագլուխների մեծ մասը հեռացան Իրանից, կուսակցությանը թողնելով անորոշ վիճակում» (էջ 492) ...«որոշները Իսլամական հեղափոխությունից տարիներ անց իրենց կյանքը փրկելու համար թաքնվում եւ չէին համարձակվում երեւալ որեւէ տեղ» (էջ 1000)... «Նորընտիր թեմական խորհրդի անդամներից ոչ մեկը անդամակցած չէր նախկին թեմական խորհուրդներում», (էջ 388) «...պատգամավորական ժողովի նախկին ուսյալ եւ տեղյակ պատգամավորներին փոխարինում էին թերուս խանութպաններն ու արհեստավորները.. որոնք զուրկ էին երկրի առօրյա քաղաքականության ըմբռնման կարողությունից» (էջ 972):
Ահարոնյանի լուսաբանություններն այս մասին ոչ մի կասկածի տեղ չեն թողնում: Հուշերի 384-րդ էջում կարդում ենք. «Հեղափոխությունից հետո պառակտվեց հայ համայնքը... ձախերը եւ դաշնակցության հակառակորդները ամենուր պայքարում էին կուսակցության, հոգեւորականների ու ազգային մարմինների դեմ... մյուս կողմից թեմական խորհուրդն ու պատգամավորական ժողովը... ի զորու չէին շարունակելու ազգային աշխատանքները... ուստի, ըստ օրվա պահանջի, կայանում է նոր պատգամավորական ժողովի ընտրություն»: Իսկ էջ 384-386-ում նա խոստովանում է, որ հանրահայտ դաշնակցական Վաչիկ Խաչատրյանի հորդորանքով ինքը, դնելով իր թեկնածությունը եւ ձեռք բերելով քվեների բարձր տոկոսը, ընտրվում է պատգամավոր, թեմական խորհրդի անդամ եւ ապա թեմական խորհրդի նախագահ: Նաեւ էջ 495 եւ 496-ում գրում է, որ ըստ կայացած համաձայնության, ինքը պարբերաբար ամիսը մեկ անգամ բոլորից թաքուն հանդիպում է դաշնակցական պարագլուխ Վաչիկ Ղարաբեգյանի եւ երբեմն էլ դոկտ. Սամսոն Ստեփանյանի հետ, որտեղ քննարկվում էին հայ համայնքի խնդիրները: Նրանք առաջադրում էին իրենց պահանջները, եւ Ահարոնյանը դրանք ներկայացնում ու վավերացնում էր թեմական խորհրդի ժողովներում: Եվ էջ 498-ում խոստովանում է, որ հրատապ խնդիրները այնժամ էին վավերացվում, երբ հաստատվում էին ժողովասրահին կից սենյակում գտնվող դաշնակցականների միջոցով:
Այլ կերպ ասածՙ Ահարոնյանի անդամակցությամբ կազմվում է կուսակցական բջիջ, եւ նա անվերապահորեն կատարում է այդ բջջի հրահանգները:
Իհարկե, ինքնըստինքյան իշխանավորների հանդիպումն ու խորհրդակցությունը համայնքի անդամների, միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատելի ու ցանկալի հատկություն է, բայց երբ այդ տեղի է ունենում շարունակաբար եւ միայն մի հոսանքի պատասխանատուի հետ, արդեն լինում է կասկածելի ու միտումնավոր:
Այսպիսով Ահարոնյանը իր նախագահության շրջանում ազգային եւ համայնքային բոլոր խնդիրները դիտել ու վարել է դաշնակցականի դիտանկյունից: Հուշերում չկա որեւէ պարագա, ուր նա ներկայացրած լինի ուրույն առաջարկություն, աշխատած լինի ինքնուրույն կամ որեւէ հանդիպման մասնակցած լինի առանց դաշնակցականի ընկերակցության, եւ որ ամենակարեւորն է, նա, ինչպես տիպիկ դաշնակցական, Դաշնակցության բոլոր ընդդիմախոսներին պիտակավորել էՙ անվանելով նրանց «ձախեր», «կոմունիստներ», «լրտեսներ», «դավադիրներ», «հակազգայիններ»... այդ շարքում են դասվում. «ակնոցավորները», «Հրազդան», «Էրեբունի», «Աբովյան» միություններն ու «սուրենականները», նա վերջինիս համարում է ամենածայրահեղը (էջ 382):
«ՍՈՒՐԵՆԱԿԱՆՆԵՐ»
«Սուրենականների» մասին նա իր վկայությունները կատարել է ըստ այնօրյա թեմական խորհրդի անդամ, ճարտ. Վիգեն Գեւորգյանի պատմածների, առանց ստուգելու դրանց ճշտությունը կամ տրամաբանությունը: Խոսքը տանք հեղինակին.
«Սուրենականների կազմակերպիչը (նախկին դաշնակցական) (խոսքը Սուրեն Հոնարչյանի մասին է) Ս. Սարգիս եկեղեցու բակում (առաջնորդարան) ամեն երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերը ցույցեր էր կազմակերպում դաշնակցության եւ թեմական խորհրդի դեմ... Թեմական խորհուրդը բազմիցս աշխատել էր բանակցել ցուցարարների հետ, սակայն նրանք արհամարhելով թեմական խորհրդին, խուսափում էին բանակցելուց... Թեմական խորհուրդն էլ որոշել էր այլեւս նրանց հետ չբանակցել...նոյեմբերի (Ճիշտը` 1979 թ. դեկտեմբերին) վերջին երկուշաբթի օրը, երբ թեմական խորհուրդը գումարել էր իր հերթական նիստը...«սուրենականները», թվով չորս-հինգ հարյուր հոգի ներխուժում են ժողովասրահ... եւ, բացի թեմակալ առաջնորդից, մնացածին պահում են որպես պատանդ, թեմակալ առաջնորդը, որին թույլատրել էին հեռանալ ժողովասրահից, իրադարձությունների մասին տեղեկացնում է թաղի եկեղեցիների խորհուրդներին եւ հրահանգում հնչեցնել եկեղեցիների զանգերը...մեկ ժամ չանցած հազարավոր զայրացած հայեր, զինված սառը զենքերով, գիշերվա ժամը մեկին հասնում են առաջնորդարան, հասնում են նաեւ ոստիկանությունից, որոնց ժողովուրդը միջամտության իրավունք չի տալիս, պատճառաբանելով, որ դա ներքին խնդիր է, եւ իրենք կլուծեն այն...բազմության միջից մի երիտասարդ, ամենայն զգուշությամբ մոտենալով ճարտ. Վիգեն Գեւորգյանին ասում է, որ իրենք «Ալիքից», «Արարատից» եւ «Սիփանից» են եկել պատանդներին օգնելու համար... «սուրենականների» խմբի ղեկավարը, տեսնելով այդ անցանկալի վիճակը, աշխատում է փախչել, սակայն չի հաջողում եւ ենթարկվում է ներկաների ծեծին: Վերջապես սրբազան հոր եւ մի քանի երիտասարդների օգնությամբ սրահի հետեւի դռնից հեռացնում են նրան, եւ այսպիսով ավարտվում է թնջուկը» (էջ 382):
Ընթերցելով վերոհիշյալ տողերը ակամա մտածում եսՙ «սուրենականները» ի՞նչ պիտի անեին «պատանդներին», ի՞նչ նպատակով, ո՞ւր եւ ինչքա՞ն պիտի պահեին նրանց, ո՞րն էր նրանց վերջնագիրը, արդյո՞ք զինված էին, արդյո՞ք հսկում էին երթեւեկությունը առաջնորդարանի շենքում, արդյո՞ք դիմադրություն են ցուցաբերել «օգնություն» հասնողներին, նրանք ինչո՞ւ թույլատրեցին սրբազան հորը հեռանալ սրահից եւ իրենցից թաքուն «օգնություն» կանչել, ինչո՞ւ չխափանեցին հաղորդակցական կապի միջոցները: Ովքե՞ր էին այն երիտասարդները, որոնք եկել էին «պատանդներին օգնելու»: Ովքե՞ր եւ ինչո՞ւ արգելեցին ոստիկանության միջամտությունը, դա ո՞ւմ էր ձեռնտու: Ո՞վ գիտեր, որ տեղի ունեցածը «ներքին խնդիր է», բացի «Ալիքից», «Արարատից» ու «Սիփանից» եկածներից: Ինչո՞ւ առանց դատ ու դատաստանի ազատ արձակեցին «պատանդ վերցնողներին»:
Ցավոք, դեպքերի ընթացքը վկայում է նախօրոք կազմակերպված դավադրության մասին, որի նպատակն էր ձերբազատվել ժողովրդի պարբերական հավաքներից:
«Սուրենակաները» իրենց տաքարյունության պատճառով անգիտակցաբար ընկնում են դաշնակցականների լարած թակարդը: Նրանց մարդիկ ուշ երեկոյան հնչեցնում են եկեղեցիների զանգերը եւ բարձրախոսներ տեղադրած մեքենաներով շրջում հայկական թաղամասերը եւ հայտարարում, թե հասեք, գրավել են առաջնորդարանը եւ պատանդ վերցրել թեմակալ առաջնորդին: Եվ անմիջապես «Ալիքում», «Արարատում» ու «Սիփանում» նախապատրաստված նրանց մարդիկ գալիս են «պատանդներին» օգնելու: Արդյունքումՙ «սուրենականներն» են դառնում պատանդ: Նրանց ղեկավարին տեղափոխում են «Սիփան» միություն եւ ...
Հատկանշական է, որ նույն 17 դեկտեմբեր 1979-ին, առնվազն չորս ժամ Թեհրանի եկեղեցիների զանգերը հնչեցնելուց առաջ Նոր Ջուղայում «Դաշնակցության համակիրներ» ստորագրությամբ թռուցիկներ են ցրվում, եւ հայտարարվում է վերը նշված «դեպքի» մասին («Փյունիկ» շաբաթաթերթ, թիվ 24): Իսկ թեմակալ առաջնորդն էլ «Փյունիկ» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ոչ ոք ինձ գերի չի վերցրել ու չի անարգել» («Փյունիկ» շաբաթաթերթ, թիվ 24):
Սուրեն Հոնարչյանը, խոսելով «Փոթորկոտ կյանքիս օրերը» գրքի մասին իր 14 մայիս 2009 թ. գրությամբ, որը տարածել է տարբեր շրջանակներում, գրում է. «Հեղափոխության հաղթանակից հետո հայ մտավորականները, դեմոկրատ խմբերն ու միությունները, ոչ դեմ էին մեր եկեղեցական կառույցներին, ոչ ցանկանում էին վնասել մեր դպրոցներին, ոչ էլ խաբում էին ժողովրդին, այլ պահանջում էին իրանահայ երեք թեմերի վերամիավորումը Մայր աթոռ Ս. Էջմիածնին: Նրանք առաջարկում էին կրթական ասպարեզում ստեղծված դժվարությունները հաղթահարել ոչ թե ցույցերի ու դասադուլների, այլ բանակցությունների միջոցով: Նրանք համոզված էին, որ համայնքում ստեղծված խնդիրներին ճիշտ լուծումներ տալու համար պետք էր հաշվի նստել նաեւ այլախոհ կազմակերպությունների հետ: Նրանք ազգային մարմիններից պահանջում էին անօրինականությունների վերացում եւ հաշվետվություն ու պատասխանատու կեցվածք ժողովրդի նկատմամբ եւ արդար ընտրությունների իրականացում: Իսկ Ահարոնյանը իր հուշերում, այդ բոլորը համարել է ժողովրդին խաբել: Իսկ նախկին մենատերերը, չհանդուրժելով այդ բոլորը, գործադրելով ազգային մարմինների ունեցած բոլոր հնարավորությունները, զրպարտությունների, ճնշումների, արհամարանքների, ծեծկռտուքի եւ արհեստականորեն ստեղծած բախումների ու միջադեպերի շնորհիվ, մեկուսացրին ու չեզոքացրին այլախոհ շրջանակներին, ինչը շարունակվում է մինչեւ օրս:»
Իսկ 4 մայիս 2009 թ. գրությամբ, որը լույս է տեսել «Հույս» երկշաբաթաթերթի 50-րդ համարում, Հոնարչյանը գրում է. «Ցաւօք, գրքի հեղինակն էլ, առանց ներկայացնելու այլախոհ շրջանակների տեսակէտներն ու առաջարկները, համարեա բոլոր այն միութիւնների ու շարժումների հասցէին (որոնք ասպարէզ իջան յեղափոխութեան շնորհիւ), նոյն թունաւոր պիտակներն ու զրպարտութիւններն է կրկնել, ինչ երեսուն տարի առաջ կատարեցին համայնքի նեղմիտ ու յետադէմ տարրերը»:
Այստեղ պետք է նշել, որ մենք նպատակ չունենք անվերապահորեն պաշտպանելու «սուրենականների» վարած քաղաքականությունը: Մենք միայն քննարկում ենք այդ դեպքի մասին հեղինակի մեջբերումներն, օգտագործելով արխիվային մեզ հայտնի աղբյուրները: Ինչ խոսք, այս միջադեպը շատ ծանր եւ բացասական ազդեցություն ունեցավ իրանահայ ոչ դաշնակցական կազմակերպությունների հեղինակության վրա: ՀՅԴ-ն լավագույնս օգտագործեց այն, իր լրատվամիջոցների եւ ազգային ու կրոնական իշխանություններում ունեցած իր լծակների միջոցով լայն հակաքարոզչական արշավ ծավալեց ոչ միայն «սուրենականների», այլեւ իրանահայ բոլոր այլախոհ եւ ձախ կազմակերպությունների ու անձերի դեմ:
Ինչպես «սուրենականների» վերաբերյալ վերոհիշյալ մեջբերումները, Ահարոնյանը իր հուշերի մեծ մասն է գրի առել ազդված այլոց քարոզչությունից, օրինակ, նա, խոսելով Հայաստանի իշխանությունների դեմ Դաշնակցության եւ «Ալիք» օրաթերթի տարածած ամբաստանությունների մասին, խոստովանում է. «Այս հորինված ստերը կարճ ժամանակ ազդեցին նաեւ ինձ վրա» (էջ 1200): Սակայն նա շատ ուշ է գլխի ընկնում, որ ազդվել է այդ քարոզչությունից, այդ ազդեցության ժամանակահատվածը կարճ չի եղել, նա իր հուշերի մեծ մասն է գրի առել այդ ազդեցության ներքո:
ԻՐԱՆԱՀԱՅ ԹԵՄԵՐԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ Ս. ԷՋՄԻԱԾՆԻՑ
Ահարոնյանը հուշերի էջ 384-ում գրում է, որ բողոքողները «...դաշնակցություն կուսակցությանը դատապարտում էին իրանահայ թեմերը Ս. Էջմիածնից անօրինաբար անջատելու եւ Անթիլիասին միացնելու գործում...»:
Ինչպես գրքում, այնպես էլ Ահարոնյանի գործունեությունից պարզ է, որ նա ինքն էլ, ինչպես իրանահայության ճնշող մեծամասնությունը, չի հաշտվել այս աղետաբեր իրողության հետ, բայց պարզ չէՙ նա պաշտպանո՞ւմ, թե՞ դատապարտում է ժողովրդի արդար բողոքը այս կապակցությամբ, մանավանդ այն վեց տարիների ընթացքում, երբ ինքը թեմական խորհրդի նախագահն էր:
Ճիշտ հասկանալու եւ լուսաբանելու համար իրանահայության հասարակական եւ քաղաքական կյանքի զանազան կողմերը, անկարելի է հաշվի չառնել մի շարք խնդիրներ եւ հատկապես թեմերի անջատման պարագան, որին մենք անդրադարձել ենք «Պատմական իրողություններ իրանահայ թեմերի Ս. Էջմիածնից անջատման մասին» գրությամբ, լույս տեսած «Հույս» երկշաբաթաթերթի 67-րդ եւ «Ազգ» օրաթերթի 2010 թ. փետրվար 27-ի համարներում: Սակայն պետք է ավելացնել, որ «1931-ից» որոշ շրջանակներ փորձում էին հակադրել Անթիլիասը Էջմիածնին» («Էջմիածին» ամսագիրը 1959 թ. նոյ. էջ 20), այս նպատակն իրագործելու համար դիմում են տարբեր մեքենայություններիՙ ընդհուպ ԱՄՆ-ի թեմի առաջնորդ Տ. Ղեւոնդ արք. Դուրյանի սպանությունը կիրակնօրյա պատարագի ընթացքում, այս կապակցությամբ Երեւանում լույս տեսնող «Ազգ» օրաթերթը 2009թ. փետ. 18-ի համարում զետեղել է, Նյու Յորքից Հակոբ Վարդիվառյանի «Տխուր անդրադարձ Հայ Եկեղեցվոյ բաժանման» խորագրով հոդվածը:
Ստորեւ մեջբերենք մի քանի քաղված սույն հոդվածից:
«Եռագոյնի գործածութեան հարցը, որ առաջնորդած էր Դուրեան սրբազանի նահատակութեան, մեր ժողովուրդին գիտակից ու հայրենասէր զանգուածին կողմէ կ՚արգիլուի գործածուելէ որպէս ազգային դրօշ: Ամերիկայի մէջ արդէն Դուրեան սրբազան արգիլած էր զայն Մայր աթոռի հրահանգովն իսկ:
Ինչպէ՞ս տեղի ունեցաւ սպաննութիւնը: Պատարագիչ Դուրեան սրբազան եկեղեցւոյ մէջ հազիւ նստարաններու հինգերորդ շարքը կը հասնէր, երբ խումբ մը մարդիկ կը շրջապատէին զինք: Անոնցմէ երկուքը մէկդի կը հրէին սարկաւագները ու կը բռնէին սրբազան առաջնորդը, եւ ուրիշներ որովայնէն կը դաշունահարէին զայն, իսկ միւս դաւադիրները պատուար կը կազմէին ժողովուրդէն ծածկելու համար պատահածը:
Յառաջ տարուող քննութեանց մէջ նկատի կ՚առնուէր, թէ դաւադրութիւնը Բոստոն սարքուած էր, ուր կը գտնուէր ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի կենդրոնատեղին:
Յուլիս 7, 1934-ին, Նիւ Եորքի մէջ կը սկսի... դատավարութիւնը... Ինը դաշնակցականներ յանցապարտ կը հռչակուին իբրեւ մարդասպան»:
Նույն դավադրական սպանության կապակցությամբ 2009 թվին հրատարակվել է ամերիկացի լրագրող Թերրի Ֆիլիպսի «Սպանություն խորանի մոտ» խորագրով, իրական իրադարձությունների հիման վրա գրված եւ մեծ աղմուկ բարձրացրած գեղարվեստական ստեղծագործությունը:
2009թ. մարտի 31-ին Ամերիկայում տեղի ունեցած սույն գրքի շնորհանդեսի ընթացքում, 75 տարվա տաբուի ու լռության քողը պատռելով, Թերի Ֆիլիպսը ասում է. «Բայց սա հայկական պատմություն չէ, սա համընդհանուր մարդկային ողբերգություն է, մարդկային պատմություն է բռնության մասին, երբ մարդիկ քաղաքական կամ կրոնական խնդիրները լուծում են սպանության միջոցով»: Գիրքը սկսվում է այն մարդու նկարագրությամբ, ով մեղադրվում է սպանության մեջ. «Մաթեւոս Լեյլեջյանն առանձնապես բռնակալ մարդ չէր: Իր զինվորական ծառայությունից դուրս նա երբեք լրջորեն չէր վնասել որեւէ մեկի, երբեք չէր խախտել որեւէ օրենք, երբեք ձերբակալված չէր եղել եւ հաստատապես երբեք սպանություն չէր գործել: Բայց այդ ամենը պետք է փոխվեր»: Եվ ավելացնում է. «...ԱՄՆ-ի կառավարության համար դժվար էր դատապարտել սպանության մեղադրանքով ձերբակալված 9 մարդկանցՙ դաշնակցականների պատճառով, որովհետեւ նրանք դեմ էին Սովետական Միությանը, եւ դա ուներ իր քաղաքական իմաստը» (www.hetqonline.am 01/04/2009):
Դաշնակցականների անսանձ աշխատանքի հետեւանքով, հակառակ իրանահայության ճնշող մեծամասնության կամքին, 1958թ. Իրանի երեք թեմերը անջատվեցին Ս. Էջմիածնից, որի հետեւանքով իրանահայությունը, որ ֆիզիկապես ամենամոտն էր Հայաստանին ու Ս. Էջմիածնին, մնաց ամենահեռվում:
Իրանահայությունը երբեք հակաէջմիածնական չի եղել, նա դարեր շարունակ Հայաստանից հեռու ապրելով հանդերձ, պահպանել է իր լեզուն ու մշակույթը, եկեղեցին ու դպրոցը: Միշտ իր հայացքը ուղղել է դեպի հայության օրրան Հայաստանն ու նրա սրտում տեղակայված Ս. Էջմիածինը:
ԻՐԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ
Ահարոնյանը հուշերի էջ 1057-ում գրում է.««հայ» ձախակողմյանները Իրանում երկու խմբի էին բաժանվածՙ «Թուդե» (Իրանի ձախ, համայնավար կուսակցություն) կուսակցության անդամները եւ Սովետական Հայաստանի կողմնակիցներն ու համակիրները»:
Այս դասակարգումը, ինչպես գրքում տեղ գտած շատ նման դատողություններ, խիստ թերի եւ մակերեսային է, թեեւ նրանում կա ճշմարտության խեղաթյուրված մի բաժին: Բանն այն է, որ «Սառը պատերազմի» տարիներին Իրանում «Փահլավիների», իսկ իրանահայության մեջ դաշնակների մենատիրության պայմաններում ցանկացած այլախոհություն որակվում էր «ձախ» եւ ենթարկվում հալածանքի: Մերՙ հայերիս պարագային դաշնակցականների կողմից «ձախ» կամ «թուդեի» էին որակվում անխտիր բոլոր այն հայերը, ովքեր համակրում էին Սովետական Հայաստանին եւ դրանով իսկ հակադրվում էին Դաշնակցության հակահայաստանյան քաղաքականությանը: Դա ձեռնտու էր Դաշնակցությանը, այն պարզ պատճառով, որ մինչեւ «Թուդե» կուսակցության գործունեության դադարեցումը, որը վարում էր սովետամետ քաղաքականություն, փաստորեն հանդիսանում էր շահի վարչակարգին սպառնացող մեծագույն վտանգը եւ ամենից առավելն էր ենթակա ռեժիմի դաժան հալածանքներին: Իրանում կային, իհարկե, «Թուդե» կուսակցության հայ անդամներ, եւ հավանաբար հենց նրանք էին Դաշնակցության ամենաուժեղ հակառակորդները, սակայն կային նաեւ ռամկավարներ ու հնչակյաններ, Իրանում գործող այլ կուսակցությունների եւ հոսանքների անդամներ ու համակիրներ, անկախ մտավորականներ եւ գործիչներ, որոնք հավասարապես հալածվել են Դաշնակցությանը չհարելու կամ քննադատելու պատճառով եւ առանց բացառության պիտակվել որպես նախկին Խորհրդային Միության գործակալներ:
Վերոհիշյալ դառն իրողության որպես վկա ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում ժամանակին ՀՅԴ-ի օրգան «Հայրենիք» ամսագրի 1924 դեկտեմբերի եւ 1925 հունվարի համարում միացյալ տպագրված հետեւյալ լուրը.
«Խորհրդային աշխարհից դուրս գալով արտասահմանՙ մենք տեսնում ենք ժողովրդի ավելի գործոն մասնակցություն հանրային կյանքին, քան այդ նկատվում է բոլշեւիկյան տիրապետության տակ: Այսպեսՙ պարսկահայ գաղութը անմիջական մասնակցություն ունեցավ պետական վերջին հեղաշրջմանՙ թե իր ներկայացուցիչներով Սահմանադիր ժողովում, թե Ռիզա Խանի գահակալության արարողության դեկտեմբերի 16-ին եւ թե հետագա հանդեսներին: Տոնակատարությունները հատկապես հանդիսավոր եղան Թավրիզում, ուր հայ ներկայացուցիչները, առաջնորդ Ներսես արք. Մելիք Թանգյանի գլխավորությամբ, առարկա եղան հատուկ ուշադրության ու համակրանքիՙ պարսից իշխանությունների կողմից:
Թավրիզում եւ Թեհրանումՙ բոլշեւիկյան պրոպագանդի ամբաստանությամբ բռնված հայերը (հնչակյաններ, առեւտրականներ եւ բոլշեւիկություն խաղացող մի շարք խաներ ու մտավորականներ) մոտ մի ամիս բանտարկված մնալուց հետո ազատ արձակվեցան: Մի խումբ հնչակյաններ միայն, որոնց մոտ բռնվել էին վարկաբեկիչ թղթեր, որպես բոլշեւիկյան գործակալներ, աքսորվեցին Արտեբիլի բանտը: Առհասարակ, պարսից իշխանության որդեգրած հակաբոլշեւիկ կտրուկ քաղաքականությանը իբրեւ արդյունքՙ հայկական շրջաններն էլ դարձել են ավելի զգույշ: Այդ աչքի ընկավ առանձնապես Սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ, երբ թե Թեհրանում եւ թե Թավրիզում հայ քվեատուների ճնշիչ մեծամասնությունը իր ձայնը տվեց Հ.Հ.Դաշնակցության թեկնածուներին»:
Կարծում ենք, որ դաշնակների այս ցնծության ճիչը մեկնաբանության կարիք չի զգում, որովհետեւ այն ամենապարզ ու անսքող կերպով բացահայտում է կուսակցության քաղաքական վարքագծի ամենաբնորոշ գծերը ոչ միայն Իրանում, այլ նաեւ ամբողջ սփյուռքում: Եվ ինչքան էլ փորձեն դաշնակցականները Իրանում հաստատված իրենց մենատիրությունը ներկայացնել որպես ժողովրդի մեջ վայելած համակրանքի արդյունք, դա նրանց չի հաջողվի: Նրանք այդ մենատիրությունը ստացել են բռնությամբ Իրանի գահին տիրացած Ռիզա Խանի եւ ապա նրա որդու հակախորհրդային քաղաքականությանը հավատարմորեն ծառայելու որպես հատուցում, ավելի ճիշտ, որպես միջոց, իսկ Դաշնակցությունը այդ միջոցը լիուլի ծառայեցրել է իր բոլոր տեսակի հակառակորդներին Իրանահայ հանրային կյանքից դուրս մղելու եւ իսպառ չեզոքացնելու գործին:
«Լույս» երկշաբաթաթերթի 2000 հունիսի 15 թվակիր 6-րդ համարում Ահարոնյանի ստորագրությամբ հրատարակված «Մի ակնարկ իրանահայ ազգային կյանքին» հոդվածում նա մակերեսային մոտեցում է ցուցաբերել 20-րդ դարի սկզբից իրանահայ հասարակական քաղաքական կյանքում դերակատար կուսակցությունների նկատմամբ, եւ հրապարակել է վերը նշված տեսակետը հայ ձախերի մասին: Սույն հոդվածում նա իսլամական հեղափոխությունից հետո իրանահայ կյանքում ասպարեզ նետված բոլոր տարրերին միանշանակ համարում է «ազգային դրվածքի կամ իշխանության» թշնամիներ, օտարի գործակալներ եւ այլն, եւ ավետում է ընթերցողին, որ փարատվել են մտահոգությունները, որովհետեւ չկա այլեւս Խորհրդային Միությունը, Հայաստանը ազատ է ու անկախ, եւ հայ ձախերը մնացել են անտեր ու անպաշտպան, իսկ վերջում անդրադարձել է միաբանության անհրաժեշտությանը:
Թեհրանում հրատարակվող «Արաքս» ամսագիրը իր 2000 հուլիս թվակիր 89-րդ համարում, «Նոր բառապաշար է պետք կամ ակնարկ Լեւոն Ահարոնյանի ակնարկին» խորագիրը կրող հոդվածում վերլուծելով Ահարոնյանի վերոհիշյալ գրությունը, կատարել է մի շարք ուշադրության արժանի պարզաբանումներ: Այդ հոդվածում կարդում ենք. «Բացահայտ իրողություն է. որ Հայաստանի խորհրդայնացումից այս կողմՙ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, ոչ միայն իրանահայության, այլ նաեւ ամբողջ սփյուռքի քաղաքական կյանքը սահմանագծվել էր հայաստանական եւ հակահայաստանական դիրքորոշմամբ: Այսինքնՙ Հայաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումով, ըստ որում հայաստանյան կողմնորոշում են ունեցել, ոչ միայն հայ ձախերը, այլ նաեւ այնպիսի աջակողմյան լիբերալ կուսակցություն, ինչպիսին է Ռամկավար կուսակցությունը:
Փաստն այն է, որ իրանահայ «ձախերի» ճնշող մեծամասնությունը եւ հատկապես ժողովրդական զանգվածները երբեք չեն պատկանել ոչ մի կուսակցության, այլ դեպի Հայաստան եւ Սուրբ Էջմիածին կողմնավորվել են միայն ու միայն հայրենասիրական մաքուր զգացումներից ելնելով: Նրանք ոգեշնչվել ու հպարտացել են Երեւանի սրտում վեր խոյացած Սասունցի Դավթի հոյակերտ արձանով, Մատենադարանով, հայրենիքից հնչող երգ ու երաժշտությամբ, Չարենցով, Կապուտիկյանով, Սեւակով, Խաչատրյանով, Սարյանով, Համբարձումյանով եւ երբեք չեն հաշտվել ու չեն հաշտվելու Ամենայն հայոց կրոնական Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից իրանահայ թեմերի բռնի անջատման հետ: Եվ այս ամենը ուրանալովՙ ամեն ինչ խցկել «թուդե» բառի շրջափակում, միտումնավոր է եւ անազնիվ»:
Գուցե հենց այս հոդվածի բերումով էլ Ահարոնյանը իր հուշերում փորձել է ընդհանրապես անտեսել այս ծանրակշիռ «Արաքս» ամսագրի գոյությունը համայնքում:
Համաձայնելով «Արաքս» ամսագրի հոդվածագրի հետՙ պետք է շեշտել, որ, իրանահայությունը միշտ էլ ամենաջերմ ու անշահախնդիր սիրով է կապված եղել Հայաստանին ու Ս. Էջմիածնին, նրան խանդավառել են Հայաստանի նվաճումները եւ տագնապի մատնել ձախորդությունները: Դժվարին պահերին իրանահայը միշտ եղել է Հայաստանի կողքին, արձագանքել նրա ամեն մի հայրենասիրական կոչին, եւ ամեն առիթ օգտագործելով միշտ ձգտել է ներգաղթել Հայաստան, անկախ այնտեղ տիրող վարչակարգից ու իշխանավորներից, ու նրանց աշխարհայացքից, իրանահայության համար կարեւորը հայրենիքն էՙ իր բոլոր սրբություններով:
Խոսենք փաստերով: 1982 թ. Թեհրանում լույս տեսած Ֆրանսիացի գրող Ժան Փիեր Ալեմի «Հայաստան» աշխատության հայերեն թարգմանության 51-րդ էջում կարդում ենք. «1828 թւին այս (Թուրքմենչայի) դաշնագրի հիման վրայ Պարսկաստանում ապրող բոլոր հայերը իրաւունք էին ստանում փոխադրւել Ռուսաստանին միացած շրջաններում հաստատւելու համար: Այս կարելիութիւնից օգտւեցին Ուրմիայի շրջանում ապրող շուրջ 35,000 հայեր:»
Իրանից Հայաստան զանգվածային ներգաղթ տեղի է ունեցել նաեւ 1920, 1946, 1960-ական թվականներին, եւ թեկուզ ավելի փոքր մասշտաբներով, շարունակվում է մեր օրերում: Ըստ հավաստի տվյալների, մոտավոր հաշիվներով 1922-1972 թթ. Իրանից Խորհրդային Հայաստան է վերադարձել 65,000 հայ:
Բ աշխարհամարտի տարիներին իրանահայությունը, ընդառաջելով երջանկահիշատակ Գեւորգ Զ. Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակին, իր համեստ լուման է ներդնում «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման ֆոնդում: Ինչպես նաեւ ոսկեզօծ սուր է նվիրում գեներալ Բաղրամյանին, որը այժմ գտնվում է Հայաստանի հեղափոխության թանգարանում:
Այժմ տեսնենք, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո «երկպառակտվեց իրանահայ համայնքը, ինչո՞ւ էին «ամենուր պայքարում կուսակցության, հոգեւորականների ու ազգային մարմինների դեմ»: Դրդապատճառները շատ էին: Անդրադառնանք մի քանիսին, մեջբերելով նաեւ «Փոթորկոտ կյանքիս օրերը» գրքի ծալքերում գրառված Ահարոնյանի հաստատումները: Նա գրում է. «Իրանի հեղափոխությունից առաջ «Սավաքի» (Իրանի նախկին վարչակարգի հատուկ ծառայություն) ցանկությամբ իրանահայ բոլոր ազգային հաստատությունները գտնվում էին դաշնակցության գերիշխանության ներքո» (էջ 332 եւ 381), «Կուսակցությունը առանց հաշվի առնելու մեր ազնիվ ժողովրդին, պարտադրում է իր կամքը» (էջ 1095), «Հայ քաղքենի ազգայինները, ազդելով դաշնակցություն կուսակցության վրա, ազգային հաստատությունները դարձրել էին իրենց շահույթի աղբյուր ու ցուցամոլության կենտրոն» (էջ 332), «Թեմական խորհուրդը առանց պատգամավորական ժողովի տեղեկության, ազգապատկան գումարները ծախսում էր իր հայեցողությամբ» (էջ 784): Ահարոնյանը հաստատում է, որ թեմակալ առաջնորդը զրկված է ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից (էջ 1194): Որ թեմական խորհուրդը, միջամտելով կրոնական խորհրդի իրավասության ներքո գտնվող աշխատանքներին, փորձում է արգելել այլախոհ երիտասարդների պսակադրությունը Հայ առաքելական եկեղեցում (էջ 996): Որ թեմականի որոշ աշխատանքները արժանանում են թեմակալ առաջնորդի նզովքին (էջ 999): Որ ապօրինաբար եւ թաքուն վաճառում էին ազգին կտակված բարերարների կալվածներն ու հարստությունը, եւ թաքցնելու համար իրական հաշիվները, ներկայացնում են շինծու հաշվետախտակ (էջ 784): Ահարոնյանը գրքի էջ 789-ից 791-ում վկայում է այդ մասին, մեջբերելով հետեւյալ օրինակը:
Տիկ. Էլպիս Քովանյանը իր բոլոր հարստությունըՙ բաղկացած չորս հարկում կառուցված բնակարանային համալիրից եւ... կտակում է թեմական խորհրդին, որպեսզի իր մահից հետո օգտագործվի իր անվամբ մանկապարտեզ կառուցելու համար... նա իր կտակը իրականացնելու համար նշանակում է կտակակատար... 1997 թ. պատգամավորական ժողովներից մեկում թեմական խորհրդի զեկուցումից պարզվում է, որ վաճառել է այդ բնակարանը 14,000,000 թումանով... առանց կտակակատարի տեղեկության... այս զեկույցը զարմացնում է բոլորին...այդ համալիրի շուկայական իրական արժեքը վաճառման պահին եղել է առնվազն 70,000,000 թուման»:
Այսպիսին է ազգային կոչվող իշխանության գործունեությունը: Տարբեր մեքենայություններով ազգային հաստատություններ թափանցած ու բարձրագույն դիրքեր զբաղեցնող անձինք, իրենց անձնական շահամոլության կամ կուսակցական քաղաքականությունը իրականացնելու նպատակով, մոռանալով ամեն սրբություն, զլանում են անգամ 1988 թ. երկրաշարժի համար ժողովրդի կատարած մարդասիրական սրտաբուխ օգնությունները տեղ հասցնել:
Ահարոնյանը որպես «երկրաշարժի շտաբի» նախագահ, իր գրքի 1034-1035-րդ էջերում վկայում է. «Սգում էր աշխարհասփյուռ հայությունը...բազմաթիվ երկրներից առաքվում էին մարդասիրական օգնություններ... Թեմական խորհուրդը կյանքի կոչեց շտապ օգնության շտաբ... Հավաքված պարենային օգնությունները ուղարկվեցին Հայաստան, սակայն դրամական օգնությունները մնացին տեղում... իրանահայ երեք թեմերում հավաքված նյութական օգնությունները կազմեց 650-700 հազար ԱՄՆ դոլար... հետագայում հայտարարվեց, թե սույն գումարի հարյուր հազար դոլարը Ս. Էջմիածնում հանձնվել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին»:
Անցան տարիներ, անկախացավ Հայաստանը, սակայն հավաքված գումարը չհանձնվեց հասցեատիրոջը աղետյալ գոտում:
Այնուհետեւ մոգոնեցին Ղափանում կառուցել ծորակաշինության գործարան (էջ 1035), որը եւ ունեցավ ողբերգական ավարտ (էջ 799):
ՀՐԱՉ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ, Թեհրան
Շարունակելի
«ԱԶԳ», 24-11-2010

No comments: