Saturday, November 13, 2010

ՊԶՈՅԻ ՆՎԵՐՆԵՐՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Ժամանակ թերթը գրում է, թե այն, որ վերջերս ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, մտերիմ կապեր է ունեցել Հայաստանի իշխանական համակարգի տարբեր չինովնիկների հետ, գաղտնիք չէ: Թերթին այդ մտերմության հետ կապված հայտնի են դարձել նոր փաստեր: Ըստ թերթի, ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման ձերբակալությունից մեկ օր առաջ այդ խմբավորման առանցքային դերակատարներից մեկի՝ Պողոս Սաթամյանի կողմից 450 հազար ԱՄՆ դոլարի փոխանցում է կատարվել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու՝ Արմենի անունով: Ընդ որում, փոխանցումը կատարվել էր Կիպրոս-Մոսկվա ուղղությամբ:
Թերթի տեղեկություններով, հանցավոր խմբավորման պարագլուխ Պզոն 2008 թվականին նախկին փոխոստիկանապետ, իսկ ներկայում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին է նվիրել ML Ջիփ՝ Mersedes մակնիշի մեքենա: Ավելին, հենց Պզոն էր մինչեւ ձերբակալությունը կազմակերպել Երիցյանի եւ վերջինիս տիկնոջ այցը ԱՄՆ՝ Լաս Վեգաս: Ի դեպ, այս ընթացքում կարծես մոռացության են մատնվել Պզոյի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ժամանակին եղած շատ մտերմիկ հարաբերությունները: Ժամանակին հենց Ծառուկյանն էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի միջոցով ապահովում Պզոյի անվտանգ մուտքը Հայաստան: Պզոյի եւ Ծառուկյանի հարաբերությունները սառեցին միայն այն բանից հետո, երբ Պզոն ԱՄՆ-ում սկսեց համատեղ բիզնես անել Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, գրում է թերթը:

No comments: