Tuesday, November 16, 2010

ՄԱՔՈՒՐ ՏՈՀՄ

«ԱԶԳ», 16-11-2010- Վերջին շրջանում հայաստանյան մամուլը նորից անդրադառնում է Ադրբեջանում սկսված եւ ադրբեջանական հասարակությանը ոգեւորությամբ համակած մի կամպանիայի մասին, որը նպատակ ունի ադրբեջանական ինքնությունը մաքրել սովետիզմի եւ ռուսաֆիլության վերջին մնացուկներից` ադրբեջանցիներին տրված սլավոնատիպ ազգանուններից: Ադրբեջանական ազգանունները, ավելի ճիշտ` ադրբեջանցուն տրված ազգանունները չնչին բացառություններով կազմված են սլավոնական -ով, -եւ ազգանվանակերտ ածանցներով, եւ ահա սկսվել է ադրբեջանական ինքնությունը նաեւ անվանական խաթարումներից մաքրելու գործընթաց: Խնդրի արագ եւ արդյունավետ լուծման համար գտնվել է շատ պարզ եղանակ. հիմնականում ազգանունները վերջից ազատում են -ով, -եւ վերջավորություններից` փոխարենը ավելացնելով -լի կամ -զադե վերջավորությունները` Կուրբանով-Կուրբանլի, Ալիեւ-Ալիզադե: Այսքան բան: Եվ որքան էլ մենք հեգնենք ու քամահրենք, ծաղրենք ու ծիծաղենք, փաստն այն է, որ ադրբեջանցու ազգանունն իրավամբ մաքրվում է: Եվ ադրբեջանական սլավոնատիպ ազգանունները փոխվում են ոչ միայն էթնիկ ինքնագիտակցության հստակեցման, ոչ միայն ցեղային համախմբման նպատակով. դրանով Ադրբեջանը նաեւ ջանում է ավելի «ըմբռնելի» դառնալ մահմեդական աշխարհին, ինչին տասնամյակներ շարունակ խանգարել է ադրբեջանական ազգանունների որոշակի օտարոտիությունը: Ազգանվանափոխությամբ Ադրբեջանն ավելի է մերձենում նաեւ իրանցի միլիոնավոր ատրպատականցիներին, ովքեր մեծ մասամբ որպես ազգանվանակերտ վերջավորություն ազգանունների վերջում ունեն հենց պարսկական ծագման -զադե վերջածանցը: Այս վերջինը նույնպես շատ կարեւոր հանգամանք է եւ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում ձգտում այդ յուրօրինակ կամպանիան եւս ծառայեցնելու քաղաքական նպատակների:
Եվ այդ ամենն իրականացվում է ոչ թե ինչ-որ հատուկենտ նվիրյալների ջանքերի, ոչ թե ինչ-որ հասարակական նախաձեռնությունների, այլ պետական մշակված քաղաքականության արդյունքում (ի տարբերություն մեզ, երբ, օրինակ, հայկական դպրոցի հայեցիությունը պաշտպանում է ոչ թե պետությունը, այլ հենց վերջինիս սպառնալիքներից` հասարակության մի խավը): Այդ գործընթացը հաջողությամբ առաջ տանելուն են լծված նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ջանք չեն խնայում ավելի ու ավելի դրական շեշտերով հագեցնելու առանց այն էլ դրական հասարակական կարծիքն ու մթնոլորտը: Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում նույնիսկ ստեղծվել է հատուկ բաժանմունք, որը դնում է ազգանվանափոխության գիտական հիմքերը:
Ադրբեջանցիները` ահա այսպես:
Իսկ ի՞նչ ենք անում մենք` հայերս, մեր ազգանունները օսմանի դարավոր կեղտից մաքրելու համար: Անո՞ւմ: Չէ՛ հա: Մենք միայն հեգնում ենք, հարեւանի արածին նայում հինավուրց ազգի մեր պատմական հեռուներից, ձեռ առնում ու... շարունակում ստորագրել` չիլինգար, խզմալ, թոփալ, թոփուզ, թոփչի, քեշիշ, ղարագյոզ, մեյթիխան, ջանջուղազ... Եվ նորից մեր հայեցիության միակ հույսը մեր ուժատվող «յան»-ն է, որ ինքն էլ է հոգնել հարյուրավոր ու հազարավոր թուրքական արմատներ հայերեն եւ հայեցի դարձնելու դարավոր ճիգից: Հոգնել է այնքան, որ վաղուց ժամանակն է պաշտպան կանգնելու ուժասպառ «յան»-ին, թարմացնելու եւ զորացնելու նրան հայարմատ հայկականությամբ:
Բայց ո՞ւմ ենք ասում:
Մենք, որ 1990-ականների սկզբներից կարողացանք մեր երկիրը մաքրել թուրք-թաթարական տեղանուններից` հայացնելով-հայեցի դարձնելով հարյուրավոր բնակավայրերի անուններ, հիմա, երբ հերթը վաղուց հասել է նաեւ թուրքարմատ մեր ազգանունները հայացնելուն, նախ` չենք զգում այդ ազգանունների արմատներում թաքնված թուրքաշունչ վտանգը, ապա` իբրեւ տոհմանուն անտարբեր կրում ենք նույնիսկ օտարի տված արհամարհական, վիրավորական մակդիրը: Չէ, մենք ինչպե~ս կարող ենք հրաժարվել մեր հնամենի տոհմանուններից, եթե դարավոր բոստանջիներ ենք ու դալլաքներ, նաղդալներ ու փամբուկչիներ, թոփչիներ ու սնխչիներ, թաշչիներ ու փալանչիներ, բալաբեկներ ու աթաբեկներ, չոփուռներ ու չոլախներ, չոփիկներ ու թոփիկներ, թոփուզներ ու դադասներ, յալանդուզներ ու փալանդուզներ... Ինչպե՞ս կարելի է այդ տոհմանունների «ազնվական» հնամենիությունը զոհաբերել, ինչ է թե` ազգանուն ենք մաքրում: Վերջապես, ինչպե~ս կարելի է հրաժարվել ազգանուններից, եթե դրանք նույնիսկ նշանակեն` ծաղկատար (չոփուռ), կաղ (թոփալ), կռնատ (չոլախ), անխոհեմ (բիշար), անզուսպ (խզմալ), կեղտոտ (չոփիկ), ստախոս (յալանդուզ), ջորեպան (ղաթրջի), բանսարկու (ղամազ): Եվ բոլորը` թուրքերեն` օտար, անպատիվ: Չմոռանանք, ի դեպ, որ նշված թուրքերեն բառերը նաեւ ազերիների հարազատ բառապաշարից են, ուստի միանգամայն բնական են վերջիններիս հեգնանքն ու արհամարհանքը իրենց բառերը գողանալու եւ նույնիսկ ազգանուն դարձնելու հայոց «սովորության» նկատմամբ: Չմոռանանք նաեւ, որ այնուհետեւ շատ դժվար է լինում աշխարհին համոզել, թե ահա այս հուշարձանը հայկական է, որ յուրացրել են ազերիները. ազերին ինքն է մատնացույց անում մեզնից շատերի ազգանունը եւ առանց չակերտների ապացուցում, թե ով ումից է գողացել:
Ցավալին այն է, որ մենք նույնիսկ հույս չենք կարող փայփայել, թե ադրբեջանականի նման` հայկական ազգանունների մաքրման գործին երբեւէ կլծվի հայ հասարակությունը, կամ, Ադրբեջանի նման, կփորձեն գործին իրենց նպաստը բերել հայ լեզվաբաններն ու Հայաստանի գիտությունների ակադեմիան: Ինչպե՞ս հույս փայփայենք, եթե ակադեմիայի կառույցներից մեկի` Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակից պրոֆեսորը, հայտնի ազգանվանագետն ու «Հայոց ազգանունների բառարանի» հեղինակն է ընդդիմանում հայոց ազգանունները գոնե թուրքերեն արմատներից մաքրելու առաջարկին (տե՛ս տողերս գրողի հոդվածը «Ազգ», 18 հոկտեմբեր 2008 եւ Տ. Ավետիսյանի արձագանքը «Ազգ», 1 նոյեմբեր 2008 համարներում):
ՀՀ սփյուռքի նախարարությունը գեղեցիկ մի ծրագիր ունի` «Արի տուն», որ հայրենիք է կանչում աշխարհով մեկ սփռված մեր ազգակիցներին: Բայց «արի տուն» պետք է ասել նաեւ մեր հին ու դարավոր ազգանուններին` մամիկոնյաններին, կամսարականներին, գնթունիներին, մոկացներին: Ինչո՞ւ ենք մոռացել մեր հայկական անձնանունները, որ կարող էին շատ գեղեցկորեն փոխարինել ամեն տեսակ թուրք-թաթարական բառերի: Մի Փալանչյան Արմեն, մի Ղալթախչյան Պողոս, մի Քեշիշյան Սեւակ, մի Թոքմեջյան Մամիկոն իր տոհմի պատմության մեջ մի՞թե չի կարող գտնել Արամ, Մանուկ, Դավիթ, Մովսես անունով մի նախնի, որ հրաժարվի փալանից, ղալթախից, քեշիշից, թոքմեջից. հրաժարվի եւ... մաքրվի:
Ընթերցողն անկասկած նկատեց, որ վերը թվարկված թուրքարմատ ազգանունների շարքում կային նաեւ հայտնի մարդկանց, պաշտոնյաների եւ պատգամավորների ազգանուններ: Դրանք հիշատակվել եւ կողք կողքի են դրվել միտումնաբար` այն հույսով, որ, ո՞վ գիտե, գուցե հենց նրա՞նք սկսեն հայոց անունարանը մաքրելու ազգապահպան գործը` օրինակ եւ խրախույս ծառայելով:
Մեկ ուրիշ հույս էլ ունեմ: Հայաստանի կառավարության «Մաքուր հայրենիք» եւ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրերի տրամաբանությամբ` կառավարությունը կամ մշակույթի նախարարությո՞ւնն էլ գուցե նախաձեռնեն ազգանվանափոխության մի ծրագիր, օրինակ` «Մաքուր տոհմ», որի արդյունքում եթե հարյուր հայի ազգանուն էլ մաքրվի թուրքական խարանից, դարձյալ նպատակ է:
Ահա թե ինչու այս հոդվածն ավարտում եմ նաեւ իբրեւ բաց նամակ` ուղղված ՀՀ վարչապետին եւ մշակույթի նախարարին:
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

No comments: