Tuesday, November 16, 2010

Ստամբուլի հայ հասարակության միայն 18%-ն է տիրապետում հայերենին

Diplomat.am. 15-11-2010- Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, Թուրքիայի հայ հասարակությունը շատ խնդիրներ ունի, և նրանցից մեկը հանդիսանում է կրթության խնդիրը: Նրա խոսքերով, 1970-ական թթ Ստամբուլում գործել է շուրջ 47 հայկական դպրոց, իսկ այսօր նրանք 16-ն են, և այնտեղ սովորում են շուրջ 3000 հայ:
«Դպրոցում չի դասավանդվում Հայաստանի պատմություն, բայց երեխաները պետք է պարտադիր սովորեն Թուրքիայի պատմությունը, ընդ որում, այն դասավանդողը պետք է թուրք լինի: Ընդ որում, հայկական դպրոցներում դասավանդողները այն պրոֆեսիոնալ մակարդակի վրա չեն գտնվում, որ դասավանդեն հայերեն լեզվով, և այդ պատճառով գրեթե բոլոր առարկաները դասավանդվում են թուրքերենով», -ասել է Մելքոնյանը, ավելացնելով, որ դա նույնպես հանդիսանում է թուրք քաղաքականության մասնիկ:
Այդ համատեքստում նա նշել է, որ դպրոցներում, նույնիսկ ընդմիջման ժամանակ երեխաները չեն խոսում հայերեն լեզվով: «Ես ինքս այցելել եմ մի քանի հայկական դպրոցներ Ստամբուլում, և երբ հարցրեցի երեխաներին, թե նրանք ինչու հայերեն չեն խոսում, պատասխանը շատ պարզ էր.

«Եթե նույնիսկ մեր ուսուցիչները հայերեն չեն խոսում, մենք ինչպես կարող ենք դա անել»:

Մելքոնյանը նաև հայտնել է, որ սոցիալական հարցումը ցույց է տվել, որ Ստամբուլի հայ հասարակության միայն 18 տոկոսն է տիրապետում հայերենին և օգտագործում այն: Ընդ որում նույն հարցումը երիտասարդության մեջ, ցույց է տվել, որ Ստամբուլում հայ երիտասարդության միայն 8 տոկոսն է տիրապետում հայերենին:

No comments: