Tuesday, December 14, 2010

Հայ աղջկա եւ թուրք փեսայի սպանությունը մեկնաբանում են ստամբուլահայ գործիչները

News.am. 14-12-2010- Ստամբուլում հայազգի աղջկա եւ թուրք տղայի սպանությունը մեծ արձագանք է գտել նաեւ հայ համայնքում։ Թուրքական Vatan-ը ներկայացնում է խնդրի հետ կապված մի քանի մեկնաբանություններ։
Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը նշել է, թե իրենք շատ են տխրել՝ նման բան իմանալով։ «Խառն ամուսնությունների վերաբերյալ հայ համայնքի ներսում տարբեր կարծիքներ կան։ Ոմանք նորմալ են վերաբերում, ոմանք՝ ոչ։ Ես երկու կողմի տեսակնետներին էլ հանգանքով եմ վերաբերվում»,-նշել է արք. Աթեշյանը՝ քննադատելով կատարված սպանությունը։
Ըստ արք. Աթեշյանի՝ մահմեդական համարվող փեսայի ընտանիքն ունի քրիստոնեական արմատներ, սակայն 20-րդ դարի սկզբին իսլամ է ընդունել։
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն շեշտել է, թե 21-րդ դարում նման սպանություն չպետք է տեղի ունենար։ «Թե հանուն հավատքի, թե հանուն նամուսի մարդ սպանելն ընդունելի չէ։ Ցավոք, սպանված աղջիկը հայ էր։ Ես չեմ լսել, որ նման ամուսնությունների պատճառով սպանություն տեղի ունեցած լիներ Ստամբուլի հայ համայնքում։ Նախկինում մեր մեծերը դեմ են հանդես եկել մահմեդականների հետ ամուսնությանը, սակայն դրանք միայն խոսքերով են արտահայտել»,-ընդծել է Շիրինօղլուն։
Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական եկեղեցու հոգեւորական Գրիգոր Աղաբալօղլուն եւս չի ընդունում աղջկա ընտանիքի նման վարվելակերպը՝ պնդելով, թե ավելի լավ կլիներ, որ աղջկա ընտանիքն ամբողջ կյանքում չխոսեր աղջկա հետ, քան այդ սպանությունը լիներ։ «Մահմեդական փեսայի ընտանիքի արմատները եւս հայկական են, ովքեր 1915-ին կենդանի մնալու համար մահմեդականություն են ընդունել։ Այն ժամանակվա պայմանները դա էին թելադրում»,-ասել է Գրիգոր Աղաբալօղլուն։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում մեքենայի մեջ սպանված են գտել 10 օր առաջ ամուսնացած հայազգի Սոնայի եւ մահմեդական Զեքերիային։
Աղջկա եղբայրը ոստիկանատանը խոստովանել է, որ ինքն է սպանել քրոջն ու փեսային, քանի որ փեսան հայհոյել եւ վիրավորել է իրեն եւ իրենց ավանդույթները։

No comments: