Tuesday, December 14, 2010

Ռուսները Հայաստանին Ադրբեջանից ավելի են վստահում, բայց Ալիևին գերադասում են Սարգսյանից

Tert.am. 14-12-2010- Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցումների արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի բնակչության 35 տոկոսը ԱՊՀ-ում կայուն և հաջողակ երկիր է համարում Ղազախստանը։ Երկրորդ տեղում է Բելառուսը՝ 31 տոկոս (անցած տարի՝ 41 տոկոս)։ Առաջատար եռյակը եզրափակում է Ուկրաինան. ռուսների միայն 19 տոկոսն է այս երկիրը համարել կայուն և հաջողակ։
Հայաստանը կայուն և հաջողակ երկիր է համարում ռուսաստանցիների 9, իսկ Ադրբեջանի օգտին է խոսել հարցվածների 6 տոկոսը։
Մոլդովան և Թուրքմենստանը կայուն երկիր են համարել հարցվածների 5 տոկոսը, իսկ Ուզբեկստանը և Վրաստանը՝ հարցվածների 3 տոկոսը։
Ռուսների կարծիքով ԱՊՀ-ում ամենաանկայուն երկրներն են Ղրղըզստանն ու Տաջիսկտանը, որոնք հավաքել են, համապատասխանաբար, 2 և 1 տոկոս ձայն։
ԱՊՀ երկրների շարքում ռուսները Ռուսաստանի ամենավստահելի գործընկեր են համարել Ղազախստանին՝ 37տոկոս ( 2009թ.՝ 31 տոկոս)։ Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 23 տոկոս, երրորդ տեղում՝ Ուկրաինան՝ 21 տոկոս. վերջինս զգալիորեն բարելավել է իր դիրքերը՝ 4–ից հասնելով 21 տոկոսի։
Հայաստանը Ռուսաստանի համար վստահելի գործընկեր է համարել հարցվածների 6 տոկոսը, Մոլդովան՝ 4, Ադրբեջանը և Ուզբեկստանը՝ 3 տոկոսը, Ղրղըզստանը և Թուրքմենստանը՝ 2, իսկ Տաջիկստանն ուՎրաստանը՝ հարցվածների ընդամենը1 տոկոսը։
Իսկ ահա ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում ռուսների վստահությունն առավել շատ վայելում է Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը (32 տոկոս)։ Երկրորդ տեղն զբաղեցնում է Ուկրաինայի նախագահ Վ.Յանուկովիչը՝ 17 տոկոս։ Յանուկովիչի վարկանիշն զգալիորեն գերազանցում է Ուկրաինայի նախկին նախագահ Վ. Յուշչենկոյի՝ նախորդ տարվա ցուցանիշները։
Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն նվազել են՝ 33–ից հասնելով 16 տոկոսի։ Լուկաշենկոյին հաջորդում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 5 տոկոս ձայնով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 4 տոկոս ձայնով, իսկ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին,Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաևային, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին վստահում է ռուսների 2 տոկոսը միայն։
Ռուսների շրջանում առավել քիչ վստահություն են վայելում Մոլդովայի նախագահ Միխայ Գիմպուն,Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին. պարզվել է, որ նրանց վստահում է Ռուսաստանի բնակիչների 1տոկոսը միայն։
Իսկ ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների նկատմամբ հասարակական հետաքրքրության մակարդակին, ապա ռուսներին ավելի շատ գրավում է Ուկրաինայի, Բելառոսի մշակույթն ու պատմությունը (15 տոկոս), ապա Ղազախստանինը (14 տոկոս)։ Պարզվել է, որ ռուսներին հետաքրքրում է նաև Հայաստանի (12 տոկոս) և Մոլդովայի (10 տոկոս) ժառանգությունը։
Նշենք, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցումներն անցկացրել է հոկտեմբերի 23–24–ը։ Հարցամանը մասնակցել է ՌԴ 46 երկրամասի 138 բնակավայրի 1600 բնակիչ։

No comments: