Panorama.am. 14-12-2010- Հայաստանում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին: Հուշահամալիրում Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը ծաղկեպսակ է զետեղել, ապա աղոթել Հայոց Եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար: Հիշողության պուրակում միտրոպոլիտ Իլարիոնը նաև ջրել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի ձեռամբ տարեսկզբին տնկված ծառը: Այնուհետև պատվիրակությունն ուղևորվել է Երևանում կառուցվող Ս. Խաչ ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:Պատվիրակությունն արդեն մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նախօրեին Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակության ժամանակացույցը հագեցած է եղել տարբեր վանքեր այցելություններով: Օրվա սկզբին ռուս պատվիրակները մեկնել է Կեչառիսի վանական համալիր: Այնուհետև Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներն ուղևորվել են Գեղարդավանք: Վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել Գեղարդավանքում` ծանոթանալով վանքի պատմությանը և ներկայիս կյանքին:
Օրվա ավարտին Նոր Նորքի հայորդյաց տան սաներն ի պատիվ հյուրերի պատրաստել էին համերգային ծրագիր, որի ավարտին Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Ռուս Եկեղեցու պատվիրակությանը հանգամանորեն ներկայացրել է մանուկների և պատանիների հետ Հայ Եկեղեցու կողմից տարվող աշխատանքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment