News.am. 14-12-2010- Հայազգի անգլալեզու ամերիկյան գրողները ավելի մեծ հնարավորություն ունեն ինտեգրվելու ԱՄՆ գրական-մշակութային կյանքին` շնորհիվ Հայոց ցեղասպանության թեմայի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ-ում հրատարակվող «Արարատ» հանդեսի խմբագիր Արարատ Արկունը, ով այժմ այցով գտնվում է Երեւանում:Նրա խոսքով, մարդիկ Ամերիկայում այժմ ավելի պատրաստված են ցեղասպանության հարցին անդրադառնալու համար, եւ որոշ հայ գրողներ օգտվում են դրանից` այդ բառի լավ իմաստով: Նա հիշեցրել է, թե Հայոց ցեղասպանությունը միայն մեկն է ցեղասպանություններից, որի հետ ծանոթ է ամերիկյան հանրությունը:
«Ցավոք բազում ցեղասպանություններ են լինում աշխարհի տարբեր երկրներում, օրինակ` Ռուանդայում կամ նախկին Հարավսլավիայում»,- նկատել է Արկունը:
Նա նշել է, որ վերջին 20 տարում Հայոց ցեղասպանությունը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ԱՄՆ-ում ավելի արդիական է դառնում: Ուստի ամերիկահայ գրողները, ինչպես Պիտեր Սուրյանը, Պիտեր Բալաքյանը, Պիտեր Նազարյանը ամերիկյան ընթերցողի դատին են հանձնում մի շարք վեպեր, պատմվածքներ հենց Հայոց ցեղասպանության թեմայով:
Արկունը նշել է, որ 50-70 էջանոց «Արարատ» հանդեսը, որ հրատարակվում է Նյու-Յորքում անցած դարի 50-ականներից, ֆինանսական խնդիրների պատճառով 2008-ից թողարկվում է միայն էլեկտրոնային տարբերակով: Ըստ նրա, դա այնքան էլ ցավալի չէ, քանի որ ինտերնետում ավելի հասանելի կլինի նաեւ երիտասարդության համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment