Wednesday, December 15, 2010

Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օրն է

News.am. 15-12-2010- Դեկտեմբերի 15-ը ողջ աշխարհում նշվում է որպես թեյի միջազգային օր (International Tea Day)։ Տոնը նշվում է 2004 թ.-ից։ Այս տոնի նպատակն է կառավարությունների եւ մարդկանց ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի հետ կապված խնդիրների վրա։ Այս տոնը հիմնականում նշում են այն երկրներում, որտեղ թեյի արտադրությունը կարեւոր դերակատարում ունի տնտեսությունում՝ Հնդկաստան, Շրի Լանկա, Բանգլադեշ, Նեպալ, Վետնամ, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, Ուգանդա եւ Տանզանիա։
Թեյի ապրանքային գինը համարյա բոլոր երկրներում անշեղորեն ընկնում է, հիմնականում գերարտադրության պատճառով։ Սակայն թեյից ստացվող շահույթները շատ անհամաչափ են բաշխվում՝ արտադրողները վնասներ են կրում, իսկ շահում են համաշխարհային բրենդները։ Ներկայումս թեյի արդյունաբերությունում ընթանում է կենտրոնացում՝ մանր արտադրողները միավորվում են խոշոր պլանտացիաների մեջ։
Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք առաջին անգամ հայտնաբերել է Չինաստանի երկրորդ կայսեր Շեն Նունգը, շուրջ մ.թ.ա. 2737 թվականին, երբ թեյի տերեւը գցել է եռացրած ջրի մեջ:
Հայաստանում տարեկան իրացվում է մոտ 190 տոննա թեյ։ Խոշորագույն ներկրողը «Վալետտա» ՍՊԸ-ն է, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես այս շուկայում գերիշխող դիրք գրավող՝ մոտ 40 տոկոս մասնաբաժնով:
Թեյը առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից է։ Այսպես՝ օրական 3 բաժակ թեյ խմելով համարյա մեկ երրորդով կրճատվում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Թեյը երկարակյացների մենյույի կարեւոր մասերից է, քանի որ հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ։

No comments: