Wednesday, December 15, 2010

Պետական կարիքների զոհ, 5 երեխաների մայր ՀՀ քաղաքացին ապաստան է խնդրել Թուրքիայից

News.am. 15-12-2010- Երեւանի Հյուսիսային պողոտայում պետական կարիքների համար իրացման գոտում հայտնված տնից զրկվելու հետո 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխայի մայր Մարիամ Գիշյանը Թուրքիայում ապաստան է խնդրել եւ սպասում է դրական պատասխանի։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մարիամ Գիշյանը պատմել է, թե նոյեմբերի 15-ին ավտոբուսով եկել է Ստամբուլ եւ ապաստան ստանալու խնդրանքով դիմել է օտարեկրացիների հարցերով վարչությանը։
«Թուրքիա եմ եկել, որպեսզի երեխաներս փողոցում չհայտնվեն։ Նրանք ամեն օր ինձ զանգում եւ խնդրում են, որ իրենց եւս կանչեմ Թուրքիա։
Նույնիսկ ավտոբուսի տոմսի գումարն եմ պարտքով վերցրել։ Հավատում եմ, որ դիմումս կընդունվի։ Գումար ունենայի, Անկարա կգնայի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կհանդիպեի։ Նա ինձ կհասկանա եւ կօգնի»,-նշել է Մարիամ Գիշյանը:
Նշենք, որ հայկական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ 2-րդ կարգի հաշմանդամ Մարիամ Գիշյանը իր 5 երեխաների հետ դուրս է նետվել Հյուսիսային պողոտայի իր 6 սենյականոց բնակարանից դեռեւս 2004-ին։ Կառավարությունը այդ 6 սենյակի դիմաց առաջարկել է 20 հազար դոլար, որը Մարիամը հրաժարվել է վերցնել, քանի որ դրանով քաղաքի ծայրամասում նույնիսկ 1 սենյակ հնարավոր չէր գնել:
Տարիների անօգուտ պայքարից հետո «պետական կարիքների զոհ», չորս տղայի եւ մեկ աղջկա մայրը որոշել է երեխաների հետ ապաստան խնդրել Թուրքիայից։

No comments: