Tuesday, December 21, 2010

«Հայոց աշխարհ». Հայաստանի արտաքին պարտքը մեծանում է

Թերթը գրում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը համախառն ներքին արդյունքի հարաբերությամբ 13 տոկոսից հասավ գրեթե 40 տոկոսի: Նման կտրուկ փոփոխությունը պայմանավորված էր մի կողմից ներգրավվող մեծածավալ վարկային միջոցներով, մյուս կողմից` համախառն ներքին արդյունքի ծավալների կրճատմամբ: Ինչպես հայտնի է, անցած տարի տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանի ՀՆԱ-ն նվազեց 14 տոկոսով:
Պետական պարտքի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը շարունակեց խորանալ նաեւ այս տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ այն կհասնի 43-45 տոկոսի, որն արդեն լուրջ ծանրաբեռնվածություն է: Մանավանդ որ դրա հետեւանքով առաջիկա չորս-հինգ տարիներին էապես մեծանալու է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի սպասարկման ծանրաբեռնվածությունը:
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը մոտենում է 3,7 մլրդ դոլարի: Դրա մեծ մասը արտաքին ֆինանսական կառույցների տրամադրած վարկերն են:
Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ գերազանցում է 3,2 մլրդ դոլարը. ընդամենը երկու տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է: Ճիշտ է, այս տարի արտաքին պարտքը արդեն դանդաղորեն է ավելացել. տարեսկզբից այն աճել է շուրջ 260 մլն դոլարով:
Թե նախկինում, թե այժմ Հայաստանի արտաքին պարտքի գերակշիռ մասը կազմում է կառավարության պարտավորությունը, որ գերազանցում է 2 մլրդ 670 մլն դոլարը: Սա այն գումարն է, որը պետք է վերադարձնի պետական բյուջեն:
Ավելացել են նաեւ Կենտրոնական բանկի պարտավորությունները, սակայն համեմատաբար քիչ չափով: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ԿԲ-ն արտաքին ֆինանսական հաստատություններին պարտք է գրեթե 550 մլն դոլար, ինչը մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 90 միլիոնով:
Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում մեծ բաժին ունեն Զարգացման միջազգային ընկերակցությունն ու Համաշխարհային բանկը: Այս երկու կազմակերպությունների մասնաբաժինը արտաքին պարտքի կշռում գերազանցում է 2,4 մլրդ դոլարը: Նրանց հաջորդում է Արժույթի միջազգային հիմնադրամը, որին մեր երկիրը պարտք է ավելի քան 700 մլն դոլար: Ի դեպ, այս տարի արտաքին պարտքն ավելացել է հիմնականում այս կառույցից ներգրավված միջոցների հաշվին:
Արտաքինին զուգահեռ, անցած մեկուկես-երկու տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է նաեւ Հայաստանի ներքին պարտքը. 96 մլրդ դրամից հասել է գրեթե 165 միլիարդի (կամ ավելացել է գրեթե 200 մլն դոլարով):
Սա լուրջ աճ է նման կարճ ժամանակահատվածի համար, հատկապես եթե նկատի ունենանք, որ ներքին պարտքի սպասարկումը, ինչքան էլ արդյունավետ լինի ներքին տնտեսության համար, չափազանց ծանր է: Այդ պատճառով դրա չափից շատ ներգրավումը երբեմն լուրջ խնդիրներ է ստեղծում ներքին ֆինանսական համակարգերում եւ տնտեսության մեջ:

No comments: