Tert.am. 11-12-2010- Մոսկվայի կենտրոնում Infiniti ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է հայազգի գործարար Արա Խաչատրյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հաղորդում են ռուսական լրատվական կայքերը և հղում անելով տեղի իրավապահ մարմիններին՝ տեղեկացնում, որ գործարարը սպանվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին ժամը 19-ի սահմաններում, հարուցվել է քրեական գործ։Արա Խաչատրյանը եղել է ալկոհոլային խմիչքների դիստրիբուցիայով զբաղվող «Լուդինգ» ընկերության՝ Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղի ղեկավարը։ Ռուսական որոշ լրատվամիջոցներ չեն բացառում պատվերով սպանության վարկածը։
Նշենք, որ «Լուդինգ» ընկերությունների խումբը հիմնադրվել և մինչև այժմ ղեկավարվում է հայազգի գործարար, ծնունդով արցախցի Արթուր Վարժապետյանի կողմից և Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների առևտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն այս շուկայում է 1993թ.-ից։ Ընկերության պորտֆելում կան շուրջ 1500 անուն ալկոհոլային խմիչքներ, այդ թվում հայկական և ֆրանսիական գինիներ և կոնյակներ։
Ի դեպ, «Լուդինգ» ընկերությունընաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» կոնյակի-գինու-օղու գործարանի պաշտոնական դիստրիբուտորն է Ռուսաստանի տարածքում։
Ռուսական լրատվամիջոցները հատկանշական են համարում այն, որ դեպքը պատահելու օրը ռուսական առաջատար պարբերականներից մեկում՝ Коммерсантъ-ում տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ նշվում էր, որ ՌԴ նախագահի գործերի վարչությանը կից ««Кремлевский» Առևտրային տունը» եռակողմ արտոնագրային պայմանագիր է կնքում «Լուդինգի» և «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ՝ «Կրեմլի մրցանակ» (Kremlin Award) պրեմիում դասի կոնյակի արտադրության վերաբերյալ, որի ներկայացումը պետք է լինի դեկտեմբերի 14-ին։ Ռուսաստանում այդ ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչ «Լուդինգ» ընկերությունն ըստ պայմանագրի, պարտավորվում է 2011թ. վաճառել 120 հազ շիշ արտադրանք։ Ըստ Коммерсантъ-ի 10, 15 և 20 տարվա հնությամբ այդ կոնյակները նախատեսվում էր շշալցնել «Նոյ» գործարանում։
Ընթերցողներին հիշեցնենք նաև, որ 2009թ. փետրվարին ևս մի սկանդալային միջադեպ տեղի ունեցավ կապված Արթուր Վարժապետյանի անվան հետ, բարեբախտաբար այդ անգամ բարեհաջող ելքով։ Այդ ժամանակ մոսկվաբնակ հայ գործարարի դստեր՝ 17-ամյա Լիլի Վարժապետյանի նկատմամբ առևանգման փորձ էր իրականացվել, որը կանխել էին Մոսկվայի իրավապահները: Լիլիի առևանգման մասին իրավապահներն օպերատիվ տվյալներ էին ունեցել և հետևել դեպքերի ընթացքին: Առևանգման օրը, երբ Լիլին դուրս էր եկել Չելոբիտևսկի մայրուղուն հարակից էլիտար թաղամասի իրենց առանձնատնից, հանցախումբը նրան արդեն սպասել էր, սակայն առևանգման պահին իրավապահները ձերբակալել էինն հանցագործներին: Վերջիններս աղջկան առևանգելուց հետո նրա հորից` Արթուր Վարժապետյանից Լիլիին վերադարձնելու համար պահանջելու էին 10 մլն եվրո, այդ մասին իրավապահներին հայտնել էր հանցավոր խմբի պարագլուխը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment