Saturday, December 11, 2010

Փորձագետ. ԼՂՀ-ի, որպես ինքնահռչակ պետության հանդեպ աշխարհի արհամարհանքը նահանջել է

News.am. 10-12-2010- Շուրջ 10 տարի է՝ ԼՂՀ իշխանությունները քաղաքական ակտիվություն չեն ցուցաբերել՝ մասնակցելու ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին, ինչը բացասաբար է ազդում ԼՂ խնդրի կարգավորման վրա: ԼՂ սահմանադրական հանրաքվեի 19-ամյակի առթիվ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Նա թվեց անցած 19 տարիների ընթացքում ԼՂՀ-ի ունեցած քիչ թե շատ շոշափելի ձեռքբերումները:
«Երկիրն ավելի բաց է դարձել, ինչը շատ էական է: Վերականգնման աշխատանքներ են կատարվում, տնտեսական աճ է արձանագրվել: Եւ պատահական չէ, որ ԼՂՀ են այցելում հեղինակավոր երկրների պատվիրակություններ, ինչը կարեւոր նշանակություն ունի միջազգային վարկի համար եւ աշխարհն ավելի ազատ է շփվում ԼՂ-ի հետ: Ակտիվություն է ցուցաբերում նաեւ հասարակական սեկտորը, որը նույնպես կարեւոր հանգամանք է, քանի որ միջազգայնորեն չճանաչված երկրի հասարակությունը մասնակցություն ունի երկրի կառավարման հարցերում»,- ասաց նա:
Սակայն, ըստ Սարգսյանի, այս ձեռքբերումների ֆոնին որեւէ առաջընթաց չկա ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացում: Ըստ նրա՝ թեեւ Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիրը վերջին տարիներին դարձել է շատ ակտուալ հարց, սակայն ԼՂ-ն չի կարողացել միջազգայնորեն իր կամքը արձանագրել: «Չնայած ամեն կերպ արեւմտյան երկրները փորձում են ընդգծել, որ չեն ընդունում Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունները, հանրաքվեն, բայց ինքնին այդ աշխույժ հակադրությունները նույնպես մեծ նշանակություն ունեն: Այն արհամարհանքը, որը ԼՂ-ի նկատմամբ նկատելի էր 90-ականների սկզբներին, այժմ արդեն նահանջել է, քանի որ ԼՂ-ն այս ընթացքում քայլեր է արել զարգանալու եւ կանոնավորվելու ուղղությամբ՝ հավակնելով հանդես գալ որպես ինքնուրույն պետություն»,-ասաց քաղաքագետը:

No comments: