Saturday, December 4, 2010

Թեհրան. ՄԱԳԱՏԷ-ն տեսուչների փոխարեն լրտեսներ է ուղարկում Իրան

ՄԱԳԱՏԷ-ն տեսուչների փոխարեն լրտեսներ է ուղարկում Իրան, ասել է Իրանի ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին, հայտնում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն բացահայտել է իրանցի գիտնական-միջուկաբանների անունների ցուցակը, որը հրապարակվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւում, ինչն էլ հեշտացրել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների՝ ահաբեկչություններ իրականացնելու գործը։
Ավելի վաղ Մոսլեհին հայտարարել էր,որ Իրանում ձերբակալվել են Թեհրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատու անձինք եւ հայտնի գիտնական-միջուկաբանի սպանության մասնակիցները։ Նրա խոսքով, այս պայթյունների հետեւում կանգնած են իսրայելական «Մոսադը», ինչպես նաեւ բրիտանական MI6-ը եւ Կենտրոնական հետախուզական վարչությունը։
Նոյեմբերի 29-ին Իրանում հարձակում են գործել բուհերի երկու դասախոսների վրա։ Մեքենաները, որոնցում գտնվել են ատոմագետները, պայթեցվել են Թեհրանում: Պայթյունի արդյունքում զոհվել են մեկ դասախոս, նրա կինը, եւս մեկ ուղեւոր ծանր վիրավորվել է։
Մյուս դասախոսն ու իր կինը պայթյունի արդյունքնում վնասվածքներ են ստացել։ Երկու գիտնականներն էլ աշխատելիս են եղել Իրանի միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։
Այս ահաբեկչությանն ուղիղ կամ անուղղակի մասնակցություն ունենալու համար Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի հետախուզությանը։

No comments: