Wednesday, December 29, 2010

Անհրաժեշտ է վճռական պատասխան տալ Փելոսիին` Ցեղասպանության բանաձևը տապալելու համար. Սասունյան

Tert.am-29-12-2010-«Ամբողջ աշխարհի հայությունն արդարացիորեն վրդովված է խոսնակ Նենսի Փելոսիի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության դնելու մերժումից»,- գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Հոդվածում ասվում է, որ կոնգրեսական Փելոսին «թե՛ մեծամասնություն, թե՛ հեղինակություն և թե՛ հնարավորություն» ուներ Հայոց ցեղասպանության բանաձևը քվեարկության դնելու համար, բայց այն տապալեց. այս մասին անցյալ շաբաթ հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Ինչո՞ւ նա Բանաձևը քվեարկության չդրեց:
Կարևոր է նշել, որ հակառակ իրենց սովորույթին, Միացյալ Նահանգների նախագահն ու պետքարտուղարը հրապարակային հայտարարություններով հանդես չեկան ընդդեմ Բանաձևի: Նրանք դրա կարիքը չունեին, քանի որ ըստ Վաշինգտոնի լավատեղյակ աղբյուրների, նրանք կուլիսների հետևում գաղտնի համաձայնության էին եկել խոսնակ Փելոսիի հետ` Ցեղասպանության բանաձևը օրակարգում չընդգրկելու համար, նախքան Կոնգրեսի այս տարվա աշխատանքների ավարտը: Այս դեպքում, Թուրքիայի դեսպանի և Ամերիկայի թուրքական կազմակերպությունների ինքնագոհ պնդումները, թե իբր նրանց շատ ուշացած քայլերը խափանել են քվեարկությունը, լիովին չափազանցված են, եթե չասենք` բացարձակ կեղծ և ապարդյուն»,- նշվում է հոդվածում:
Ըստ Սասունյանի՝ Հայոց ցեղասպանության բանաձևը հայկական քաղաքական պահանջատիրության ոչ սկիզբն է, ոչ էլ վերջը, քանզի այն օրենքի ուժ չունեցող հիշատակման բանաձև է: Ցեղասպանության նման բանաձևեր արդեն երկու անգամ` 1975 և 1984 թվականներին ընդունվել են Ներկայացուցիչների պալատի կողմից, սակայն դրանք միայն միջոց են և ոչ թե նպատակ:
«Ո՞րն է Հայ Դատի իրական նպատակը. արդարություն պահանջել հայերի համար այն թուրքերի ժառանգորդներից, որոնք ոչ միայն կոտորել են նրանց, այլև բռնազավթել նրանց հայրենիքն ու բռնագրավել նրանց ունեցվածքը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Բանաձևը «Դամոկլյան սրի նման կախված է մեր գլխին»: Նա հույս հայտնեց, որ նման նախաձեռնություններ այլևս Կոնգրեսում չեն ներկայացվի, քանի որ դրանք վատնում են Թուրքիայի էներգիան ու ժամանակը: Վտանգը, որը թուրք ղեկավարները մեկ դար անց զգում են իրենց նախնիների նողկալի ոճրագործությունների պատճառով, և նրանց արժեքավոր միջոցների վատնումը, հայության համար բավարար հիմք են հանդիսանում` աշխարհի բոլոր օրենսդիր մարմիններում նման նախաձեռնություններով հանդես գալու համար: Ավելին, ամեն անգամ Միացյալ Նահանգների նախագահից խնդրելով կանխել նման բանաձևի ընդունումը, թուրք ղեկավարներն իրենց հերթին պարտավորվում են լուրջ քաղաքական զիջումների գնալ ամերիկյան կողմի համար:

Այժմ Ամերիկայի հայկական կազմակերպությունները` Հայ Դատի հանձնախմբի գլխավորությամբ պետք է անաչառ ռազմավարական գնահատական տան` քննարկելով իրենց հետագա քայլերը.
• Դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի և թուրքական ընկերությունների դեմ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Միջազգային դատարանում:
• Բազմապատկել թուրք ղեկավարների գլխին «կախված սրերի» քանակը` բազմաթիվ բանաձևեր ներկայացնելով Կոնգրես, ավելի հեռու գնալով, քան սոսկ Ցեղասպանության ճանաչումը: Ի թիվս այլ հարցերի, դրանք կարող են ընդգրկել հայերի բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման և Պոլսո Հայոց պատրիարքարանի իրավասությանը Հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը:
• Շահարկել թուրք ղեկավարների հակաարևմտյան քաղաքականությունն ու հայտարարությունները` Ներկայացուցիչների պալատում նորընտիր հանրապետական մեծամասնության շրջանակում Հայկական հարցերին աջակցություն ստանալու նպատակով:
Ահա որոշ նախնական նկատառումներ հատուկ գործողությունների համար, որոնք կարող են քննարկվել ամերիկահայ գործիչների կողմից առաջիկա շաբաթներին.
• Քայլեր ձեռնարկել Փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարների դեմ` որպես քաղաքական հատուցում նրանց խափանարար գործունեության համար: Այժմ նրանք պետք է մի շարք կոնկրետ գործերով, այլ ոչ թե խոստումներով սիրաշահեն իրենց հիասթափված հայ աջակիցներին` իրենց սեփական վստահելիությանը հասցված վնասը շտկելու համար:
• Սկսել 2012 թվականի ընտրությունների նախապատրաստությունը` ապահովելով, որ ոչ մի ամերիկահայ չի քվեարկի կամ անգամ մեկ դոլարով չի օժանդակի նախագահ Օբամային կամ Կոնգրեսի դեմոկրատ կամ հանրապետական որևէ անդամի, որոնք դեմ են արտահայտվել Հայկական հարցերին:

• Գնահատական տալ Հայաստանի և Սփյուռքի ղեկավարների անտարբերությանը, որոնք ոչինչ չարեցին, մի բառ անգամ չասացին ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության բանաձևի, մինչդեռ Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը ուղղակի ճնշում էին գործադրում նախագահ Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինտոնի վրա` քվեարկությունը խափանելու համար:
• Oգտագործել խանդավառ ամերիկահայ համայնքի, հատկապես երիտասարդության և այնպիսի հանրահայտ դեմքերի, ինչպես օրինակ Քիմ Քարդաշյանի և Սերժ Թանգյանի ակտիվությունը` ներգրավելով նրանց արդիական միջոցներով Հայ Դատի հետապնդման գործում:
• Աջակցել այն սենատորներին, որոնք շահագրգիռ են մի նոր «կասեցում» դնելու ընդդեմ Ֆրենսիս Ռիկիարդոնեի կամ նրա փոխարինողի վրա` որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուի: Ավելի քան վեց ամիս Միացյալ Նահանգները դեսպան չունի Անկարայում: Միաժամանակ, Ցեղասպանության ժխտման թուրքական քարոզարշավին Ամերիկայի ադրբեջանցիների աջակցության ջանքերին պետք է հակազդել` մի նոր «կասեցում» դնելով ընդդեմ Մեթյու Բրայզայի կամ նրա փոխարինողի վրա` որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի: Ավելի քան 18 ամիս Միացյալ Նահանգները դեսպան չունի Բաքվում:
Անցյալ շաբաթվա ժամանակավոր անհաջողությունից ընկճվելու փոխարեն, հայերը պետք է ավելի մեծ քաղաքական վճռականությամբ լցվեն և բազմապատկեն իրենց պահանջները Թուրքիայից` բոլոր օրինական միջոցներով իրենց արդար Դատին հասնելու նպատակով»,- իր հոդդվածում գրում է Հարութ Սասունյանը:

No comments: