Tert.am. 15-12-2010- Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում, ցավոք, չի հաջողվել Հայաստանում նոր որակի իշխանություն ձևավորել։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Իշխանությունը գրեթե այնպիսին է, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի օրոք էր։ Իհարկե, որոշ փոփոխություններ կան, իշխանությունն ավելի բաց է սկսել աշխատել, բայց դա թույլ չի տալիս խոսել իշխանության նոր որակի մասին»,- նշեց բանախոսը։Ըստ նրա՝ իշխանությանը հաջողվել է տարբեր նախաձեռնությունների միջոցով գրեթե զրոյի հավասարեցնել արտահերթ ընտրությունների հնարավորությունը։ Հատկապես Աստանայի գագաթնաժողովից հետո Սուրենյանցի համար պարզ է դարձել, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների պատուհանը փակված է։ Սակայն, ըստ բանախոսի, դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը, Մարտի 1-ի ոճրագործության հետևանքները վերացել են։ «Պարզապես ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ փոքր է։
Ցավոք, Հայաստանում վերացված չեն Մարտի 1-ի ոճրագործության հետևանքները, պատժված չեն Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ կրակ բացելու հրաման տված անձինք, շարունակում են բանտերում պահվել 9 քաղբանտարկյալներ։ Հետևաբար կարելի է ասել, որ Մարտի 1-ի դեպքերից գրեթե երեք տարի անց երկրում վիճակն արմատապես չի փոխվել»,- կարծում է քաղաքագետը։
Քանի դեռ Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորները չեն բացահայտվել, ըստ Սուրենյանցի, երկրում չեն կարող նոր որակի իշխանություններ ձևավորվել։
Սուրենյանցի կարծիքով՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը լուծել է մի շատ կարևոր խնդիր. ՀԱԿ-ը դարձել է ազդեցիկ ուժ։ Դա տեղի է ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ։ Առաջիկա տարիներին նույնպես, Սուրենյանցի կանխատեսումներով, ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտում ունենալու է մեծ ազդեցություն։ «Իհարկե, հիասթափություններ կան ՀԱԿ-ից, մարդկանց որոշ զանգված կտրուկ փոփոխություններ է պահանջում։ Նույնիսկ ՀԱԿ առաջնորդներն են խոստովանում, որ նոսրացել է հանրահավաքներին մասնակցողների շարքը։ Բայց, ի տարբերություն նախորդ տարիների ընդդիմությունների, ՀԱԿ-ին հաջողվել է ինստիտուցիոնալ որոշակի գործիքներ ստեղծել»,- ասաց Սուրենյանցը՝ միաժամանակ արձանագրելով, որ ՀԱԿ-ին չհաջողվեց երկրում իշխանափոխություն իրականացնել։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Սուրենյանցը նշեց, որ այսօր էապես մեծացել է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը։ Լարվածությունն, ըստ նրա, կանխում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու տարբեր երկրներում անցկացվող գագաթնաժողովները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment