News.am.21-12-2010- «Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Տոմաշ Պորեբան, խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանից մեկնելով Լեռնային Ղարաբաղ, ցուցադրել է իր անգրագիտությունը»,- Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը:Մինչեւ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Եվրախորհրդարանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ Պորեբայի այցի վերաբերյալ նամակներ են ուղարկվելու, ավելին՝ «Բաքուն պահանջելու է վերահսկողություն սահմանել Պորեբայի գործողությունների վրա»:
Եվրապատգամավորը նախօրեին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Լինելով Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողը, ես պարզապես պարտավոր էի այցելել Լեռնային Ղարաբաղ՝ օբյեկտիվ զեկույց պատրաստելու համար»:
Չնայած, որ ԼՂՀ կատարած երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է հանրապետության ղեկավարության հետ, այդուհանդերձ, ինչպես խոստովանել է եվրապատգամավորը, իր հիմնական խնդիրն է եղել շփվել ղարաբաղցի ժողովրդի հետ:
Պորեբան նշել էր, թե այցից ստացած իր տպավորությունները մտադիր է կիսել եվրոպացի գործընկերների հետ: Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Պատգամավորը նաեւ հաղորդել է, որ Հայաստան եւ ԼՂՀ կատարած այցերից հետո մտադիր է այցելել նաեւ Ադրբեջան եւ Վրաստան: «Չնայած նրան, որ ես Հայաստանի հարցով զեկուցողն եմ, այդ երեք երկրները կապված են իրար հետ»,- նկատել էր պատգամավորը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնալու Ադրբեջան, երբ ԼՂՀ այցից հետո հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում», պատգամավորը պատասխանել էր. «Իմ պարտականությունն է հանդիպել բոլոր կողմերի հետ, լսել իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Օբյեկտիվ զեկույց մշակելու համար ես ոչ մի բանի առջեւ կանգ չեմ առնի»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment