Wednesday, December 8, 2010

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՆԻՍՏԻՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ

Երեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
«Մենք ընդգծել ենք, որ շատ կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի հարցով ուսումնասիրվեն Մինսկի խմբի առաջարկները` խնդիրը իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Մեդվեդեւը նպաստեր խնդրի խաղաղ կարգավորմանը», - երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
«Մենք իսկապես այսօր խոսել ենք Մերձդնեստի եւ Ղարաբաղի մասին եւ անպայման կշարունակենք քննարկումները: Հուսով եմ, որ քննարկումները կմոտեցնեն այդ բարդ խնդիրների կարգավորումը», - ասել է Մեդվեդեւը:
Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ քննարկված հիմնական հարցերն էին Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ վիզային ռեժիմի հարցը:
Հիմնական արդյունքը կապված է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հետ: Երեքշաբթի օրը ավարտվել են այս հարցով բանակցությունները Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ, համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել, եւ Ռուսաստանը ստացել է Եվրամիության աջակցությունը:
Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան ստացել էր նաեւ Միացյալ Նահանգների աջակցությունը:
«Այն բանից հետո, երբ մենք ստացել ենք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների աջակցությունը այս հարցում, կարելի է ասել, որ Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը իրական է դառնում», - երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեդվեդեւը:

No comments: