Wednesday, December 15, 2010

«Հրապարակ». Պոլսում ավելի շատ եկեղեցիներ ունենք, քան Երևանում

«Հրապարակը» զրուցել է Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ, որը ծառայության է մեկնում Պոլսի հայոց պատրիարքարան։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, որտեղ հետաքրքիր վիճակագրություն կա.
- Սրբազան, թույլ տվեք ի սրտե շնորհավորել Ձեզ Պոլիս հոգևոր ծառայության մեկնելու առիթով։ Պոլսո հայոց պատրիարքության արժեքն ու դերը և աշխարհասփյուռ հայության, և քրիստոնեական Արևելքի համար անգերազանցելի է։ Կարծեմ Կոնստանտինոս արքայի հիմնած քաղաքում այժմ ամենամեծ քրիստոնեական համայնքը հայերն են, թվաքանակով հույներից ավելի են։
-Այո, այսօր Թուրքիո մեջ ամենամեծ ոչ իսլամ համայնքը հայերն են։ Եվ թրքահայ գաղութը գերազանցապես կենտրոնացած է Ստամբուլի մեջ։ Շուրջ 60-70 հազար հայ ունինք այսօր հոն ապրող։ Մեկ լիովին հայաբնակ գյուղ ալ Կիլիկիո մեջ ունինք։ Մնացյալ բնակավայրերում էլ հայեր կպատահին, բայց հավաք գոյություն, ազգային կյանք չունեն։
Իսկ Ստամբուլի մեջ, անշուշտ, ունինք ազգային հաստատություններ, ազգապատկան կալվածքներ, թեմական խորհուրդներ, ծերանոցներ, հիվանդանոցներ, օրաթերթեր, տասնվեց գործող վարժարաններ, ուր հայ մանուկները մայրենի լեզու, կրոնք կուսանին, ի վերջո Պոլսո մեջ ունինք երեսուներեք հայկական եկեղեցիներ։ Երևանի մեջ Հայաստանյայց առաքելական եկեղեցին միայն տասնհինգ գործող եկեղեցի ունի, Պոլսո մեջ՝ երեսուներեք։ Աս կարծեմ ինքնին խոսուն իրողություն է։
Անշուշտ, 70 հազարանոց գաղութի համար դյուրին չէ ողջ ազգային ժառանգությանը հոգ տանիլ և պահպանիլ, բայց փաստը, որ բազմաթիվ վայրիվերումներեն, ողբերգական անցքերեն ետքը Թուրքիո մեջ հայությունը կմնա ամենամեծ քրիստոնյան համայնքը՝ ազգային նվիրումի և տոկունության վկայություն է։
Ինչ վերաբերում է հույն համայնքին, հույների թիվը Պոլսո մեջ ներկայիս շատ նոսր է, հազիվ 2 հազար անձ։ Մարդկային քաղաքակրթության այս հին ու մեծագույն օրրանը, որ Կոնստանտինոս արքայի առաջնորդությամբ հույները կառուցել էին, այսօր իրենց ներկայությունը չի արձանագրեր։

No comments: