Wednesday, December 15, 2010

ՄՈՍԿՎԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ԲԱՔՎՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳՈՒՅՔԸ

«ԱԶԳ», 15-12-2010- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին ժամանակներում հաճախ են հանդիպում: Ճիշտ է, որպես կանոն այդ հանդիպումները եռակողմ են, քանի որ մասնակից է նաեւ Հայաստանի նախագահը, ինչից կարելի է հետեւություն անել, որ Մոսկվա-Բաքու հարաբերություններն «առանձնահատուկ» չեն: Անշուշտ, երկու երկրներն ունեն մի շարք առեւտրատնտեսական համատեղ նախագծեր, բիզնես ծրագրեր, սակայն Երեւանի պարագայում Մոսկվան, բացի վերոհիշյալից, կապված է նաեւ ռազմական, դաշնագրային, դարավոր բարեկամական կապերով:
Այս ամենը ապացուցելու համար բավական է հիշել Երեւանում հնչեցրած նախագահ Մեդվեդեւի խոսքերը եւ նույն Մեդվեդեւի խոսքերը` արդեն Բաքվում: Եթե Հայաստան կատարած վերջին պետական այցի ժամանակ, Մեդվեդեւը կոնկրետ Գյումրիում ՀՀ նախագահի հետ «հիշեց Կովկասի համար իրական պայքարն ու պայքարողներին», իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքում հիացավ Արարատ լեռան երեկոյան տեսարանով, հետիոտն զբոսնեց մայրաքաղաքի փողոցներով, ապա Բաքվում ընդամենը ասաց. «Մեր երկու երկրների միջեւ` նկատի ունեմ կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները, ակտիվորեն ընթանում է համագործակցություն բիզնեսի տարբեր ոլորտներում: Կարծում եմՙ այստեղ մենք նոր բան ներմուծելու կարիք էլ չունենք. պետք է ընդամենը մեթոդաբար զարգացնել եղած հարաբերությունները»:
Եթե այս ամենը, ինչպես նաեւ Ռուսաստանում գտնվող հայկական համայնքի անհամեմատ ավելի ազդեցիկ ու կազմակերպված լինելը ադրբեջանականից, բավարար չեն հասկանալու, որ նախագահ Մեդվեդեւը (մանավանդ WikiLeaks-յան վերջին հրապարակումներից հետո, ըստ որոնցՙ Իլհամ Ալիեւը նրան «այնքան էլ նախագահ չի համարել»), «ավելի լայն ժպտում» է Սերժ Սարգսյանին հանդիպելիս, ապա ներկայացնենք rosinvest.com դաշնային կայքի հրապարակած տեղեկատվությունը, ըստ որի` «Մոսկվան այն երկրներում, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ դյուրին չեն եւ որոնցում առկա է ահաբեկչությունների վտանգ, ապահովագրելու է իր դիվանագիտական ներկայացուցչությունների գույքը», որպես «վտանգավոր» երկիր դաշնային կայքը նշել է նաեւ Ադրբեջանը:
Հիշեցնենքՙ այս տարի Մինսկում ՌԴ դեսպանատունը եւ կանադական Մոնրեալում գտնվող հյուպատոսարանը ենթարկվեցին որոշ գրոհների` ծայրահեղական տրամադրված ամբոխի կողմից: Այս հանգամանքը, փաստորեն, ստիպել է Մոսկվային ապահովագրել դիվանագիտական գույքը, սակայն ո՛չ Մինսկում գտնվող ռուսաստանյան դեսպանատունը, ո՛չ էլ Մոնրեալի հյուպատոսարանը չեն ընդգրկվել «վտանգավոր ցուցակում»: Իսկ այդ ցուցակում են. Եվրոպայից` Իսպանիայում, Չեռնոգորիայում, Կիպրոսում, Մակեդոնիայում, Սերբիայում, ինչպես նաեւ Թուրքիայում գտնվող ՌԴ դեսպանատները: Ցուցակում են նաեւ որոշ բալթյան երկրներ, ինչպես նաեւ երկրներ Ասիայից, Ամերիկայից ու Օվկիանիայից:
Իսկ ԱՊՀ երկրներից Մոսկվան «վտանգ է տեսնում» Մոլդովայում, Վրաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում եւ, ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանում: Ավելորդ չենք համարում հիշեցնել` «ԱՊՀ ցուցակից», փաստորեն, երեք-ը ՀԱՊԿ անդամներ են:
Ընդհանուր առմամբ ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ապահովագրման ամբողջ ծախսերը գնահատել է ավելի քան 4 մլրդ դոլար: Ապահովագրումը «կծածկի» ՌԴ դեսպանատների հավանական վնասները` «ինքնաթիռների եւ հրետանու հարձակումների, շինությունների ապակիները կոտրելու, հրդեհների, ակաբեկչական ակտերի եւ մի շարք այլ պարագաներում»:
Ի՞նչ է նշանակում ռուսաստանյան այս ցուցակում Ադրբեջանին ընդգրկելը, ցույց կտա ժամանակը: Միայն տեղեկացնենք, որ հարեւան երկրում, որտեղ «Բաքուն համարում են Հարավային Կովկասի ամենախաղաղ քաղաքը», «խառնվել» են իրար. տարբեր ռուս գործիչներ ու պաշտոնյաներ պարբերաբար հարցազրույցներ են տալիս ադրբեջանական կայքերին` ցրելու հարեւանների «խուճապը»:
Ի դեպ, ադրբեջանցիներին կարելի է հասկանալ. մեկ տարուց ավելի Վաշինգտոնը «արհամարհում է» Բաքվում ԱՄՆ դեսպանի աթոռը, իսկ մեկ այլ խոշոր տերությունՙ Ռուսաստանը, «հաշվի առնելով տվյալ երկրի ոչ այնքան դյուրին հարաբերությունները Մոսկվայի հետ ու այնտեղ առկա ահաբեկչության ռիսկը», ապահովագրում է Բաքվում ռուսաստանյան դեսպանատան շենքն ու գույքը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: