Sunday, December 5, 2010

Կարո Լուկասի հուշերեկոն ԻԱՄՄ-ում

Իրանահայ անվանի գիտնական, Թեհրանի պետական համալսարանի դասախոս, Իրանի ՙՄնայուն դեմք՚-ի տիտղոսակիր, դոկտոր պրոֆ. Կարո Լուկասի հիշատակը վառ պահելու մտոք, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի հովանավորությամբ ու մասնակցությամբ ու նաև Իրանում Հայաստանի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Գրիգոր Առաքելյանի, դեսպանատան մշակութային կցորդի, Իսլ. խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի, Թավրիզի պետական համալսարանի ավագ դասախոս և Ատրպատականի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ ակադեմիկոս դոկտ. Մկրտիչ Թումանյանի, հանգուցյալի այրուª դոկտ. Էմիլիա Ներսիսյանցի, համալսարանի դասախոսների, համայնքային կառույցների և մամուլի ներկայացուցիչների, միութենականների և հայ ու պարսիկ հյուրերի ներկայությամբ, 2010թ. նոյեմբերի 11-ին, Իրանահայ ազգային և մշակութային միության ¥ԻԱՄՄ¤ կենտրոնատեղիում կայացավ հատուկ հուշերեկո:
Երեկոն բացվեց հանգուցյալի կենսագրականը պատմող ու նաև իր հետ ժամանակին անցկացված հարցազրույցի շարժանկարի ցուցադրությամբ: Ապա, ձեռնարկի վարող Ժանետ Նազարյանը հերթով բեմ հրավիրեց օրվա բանախոսներին ու առաջինը միության նախագահ Անդրանիկ Սիմոնյանին, ով բարիգալստյան մաղթանքից հետո, արդար դժգոհանք հայտնեց պրոֆ. Կարո Լուկասի նման մարդու նկատմամբ անլուրջ բժշկական վերաբերմունքի համար, ինչի հետևանքով Իրանի գիտական կաճառին մեծ կորուստ պարտադրվեց: Սիմոնյանն, որը նաև համալսարանի դասախոս է, ասաց. ՙՄիթե քանի՞ Կարո Լուկաս ունենք: Քանի՞ տարիներ են պետք, մի ազգի կամ մի երկրի, նման մի գիտնական դաստիարակելու համար: Միթե՞ հեշտ է Լուկասներ ունենալը, որ այսքան հեշտ կորցնենք, միթե հեշտ է այս կորստի տանելը՚: Հիշատակելի է, որ պրոֆ. Կարո Լուկասի աղիքները վնասվել էին բժշկական քննությունների ժամանակ, ինչն էլ նրա մահվան պատճառ դարձավ:
Ապա ակադեմիկոս դոկտ. Մկրտիչ Թումանյանը, գեղեցկորեն համեմատական անցկացրեց Իրանի երկու անվանի գիտնականներիª դոկտոր Հաշթռուդիանի և Կարո Լուկասի միջև: Բավական հետաքրքիր ու նոր բովանդակությամբ ելույթ ունեցավ նաև տկն. Ալիս Ստեփանյանը, նա ի մասնավորի ներկաներին բացահայտեց մի գեղեցիկ գաղտնիքª դոկտ Կարո Լուկասը մեծ սեր էր տածում դեպի մայրենի գրականությունը և նամանավանդ Վահան Տերյանի բանաստեղծությունների ՙգերին՚ էր: Կ. Լուկասը նույնիսկ, տերյանական ոգով գրված, որոշ բանաստեղծությունների հեղինակ է:
Օրվա առիթով խոսք տրվեց նաև ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանին, Իսլ. խորհրդարանում իրանահայության նախկին պատգամավոր ճրտգ. Վարդան Վարդանյանին, դոկտ. Նասեր Ֆոթուհիին, դոկտ. Քամբիզ Բադիին, դոկտ. Մոշիրիին և տկն. Մահմուդիին:
Խոսքերի շարանն ավարտին հասավ պրոֆ. Կարո Լուկասի այրիի` դոկտ. Էմիլիա Ներսիսյանցի հուզախառն բառերով ու անավարտ մի բանաստեղծությամբ և Սրբազան Հոր հայրական և ինչու չէ նաև մխիթարական բառերով:
Հուշերեկոն համեմված էր նաև գեղարվեստական բաժնովª ասմունքներով հանդես եկան Փյունիկ Սիմոնյանը, Սեդա Սուքիասյանը և Արման Ստեփանյանը, վերջինս ասմունքեց նաև հանգուցյալ գիտնականի գրչին պատկանող մի բանաստեղծություն, հայերեն և պարսկերեն լեզուներով: Իսկ դասական երաժշտությամբ խաղաղություն մաղթեցին հանգուցյալ Կարո Լուկասին ու հոգեկան բավարարություն պարգևեցին ներկաներին Նարեկ Աբրահամյանըª դաշնամուր և Փարասթու Մողիմդաշտինª ջութակ, յուրաքանչյուրը երկու կատարումով:
Հուշերեկոն փակվեց ընդունելությամբ, որը նաև առիթ տվեց համեստ գիտնականից մտքերում մնացած հուշերի փոխանակման ու մտերմիկ զրույցների:
ՙԱՐԱՔՍ՚ Թիվ 202

No comments: