Sunday, December 5, 2010

ՀԲԸՄ կենտրոնատեղիի վերաբացման տոնը

Աստղիկ Բաբայան
2010թ. նոյեմբերի 13-ին, Երեկոյան Ժամը 7-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահի մուտքի մոտ հավաքված էին Թեհրանի գրեթե բոլոր հայկական կառույցների, միությունների և մամուլի ներկայացուցիչները, բոլորը անհամբեր սպասում էին տեսնել սրահում իրագործված փոփոխությունները, թեև արդեն մուտքի մոտ էլ աչքի էին ընկնում բավականաչափ նորություններ…
7:20-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը մուտք գործեց միություն: Ավանդական տարազով ընդառաջ բերված աղն ու հացը օրհնելուց հետո, ՀԲԸՄ նախագահ Աստղիկ Բաբայանի և մյուս վարչականների հետ համատեղ Սրբազան Հայրը մոտեցավ սրահի մուտքի մոտ զարդարանքով կապված ժապավենին ու շնորհավորելով հատեց այն:
Սրահը լրիվորեն նոր տեսք ուներ, այն աչքի էր ընկնում ոչ միայն նորացված պատերով ու հատակով, այլ նաև իր լույսերով, պատերի ու բեմի վրա փակցված կարգախոսերով:
Ինչևէ, տոնն սկսվեցª հնչեց ՙՄեր Հայրենիք՚-ը, ապա ՀԲԸՄ-ի հիմներգը: Այնուհետ բացման խոսքով հանդես եկավ Թայիկ Դանիելյանը:
Նա բարի գալստյան մաղթանքներից հետո որոշ բացատրություններ տվեց միության վերանորոգման համար տարված աշխատանքների մասին:
Ապա ձեռնարկը վարող Վանե Բաբախանյանը բեմ հրավիրեց նորոգումների աշխատանքը իրենց ուսերին առած Ասպետների խոսնակ Էդվարդ Բաբյանին:
Է. Բաբյանն թեթև ակնարկ նետելով անցյալին ասաց. ՙՄայիսի 21-ի ձեռնարկն իր շուրջ բոլորեց միության հին սկաուտներին: Մենք վերհիշեցինք միության անցյալի հզորությունն ու վերապրեցինք անմոռանալի պահեր: Հպարտորեն տեսանք, որ սկաուտական կազմը, այսօր ևս անցյալի պես, հզոր և զգաստ քայլում է առաջ և հավաքագրել է անձնվեր անդամներ, որոնք գերազանց կերպով աշխատանք են տանում:
Սկաուտների եռուզեռը և նվիրական աշխատանքը շատ հուզեց մեզ: Մենք զգացինք, որ բաց ենք թողել երկար տարիներª որ կարող էինք թև ու թիկունք լինել այս երիտասարդներին, օժանդակել նրանց ու դառնալ նրանցից մեկը: Ապա եզրակացրինք, որ ազգանվեր աշխատանք սկսելու համար երբեք ուշ չէ: Ուստի ավագ խմբապետ Ռայմոնդ Հարությունյանի առաջարկով կյանքի կոչեցինք Ասպետների խումբը՚:
Խոսնակը հավաստեց, որ միութենական կյանքի վերապրումներն ու երտասարդների աշխուժությունը տեսնելով ՙԱսպետների խումբը որոշեց կատարել այնպիսի աշխատանք, որ միութենականները ավելի հարմար մթնոլորտում աշխատեն: Ուրեմն գործի լծվեցինք: Ուսումնասիրեցինք վիճակը, ստուգեցինք վերանորոգման նախագծերը և սկսեցինք շինարարական աշխատանքները՚:
Նա հուսալով, որ նման աշխատանքները կշարունակվեն ասաց. ՙՄենք պիտի լինենք մեր միության կողքին, պիտի անենք հնարավորինը օժանդակելու համար այս սիրելի երիտասարդներին ու միութենականներին՚:
Թեև բառերով հեշտ է ասվում, բայց իրականությունն այն է, որ Ասպետների խումբը ահռելի աշխատանք է տարել անցյալ քանի ամիսների ընթացքում: Նրանք կարգավորել են ՀԲԸՄ-ի վերանորոգումը, ՙՆ. Գյուլբենգյան՚ տղ. տարրական դպրոցի մարգագետնի և ՙՄարի Մանուկյան՚ աղջ. միջնակարգ դպրոցի հոսանքի և ջեռուցման խնդիրները: Այդ մասին էին վկայում նաև, զեկուցման ընթացքում, էկրանի վրա ցուցադրվող նկարները:
Ապա օրվա առիթով իր խոսքն ասաց ՀԲԸՄ Թեհրանի մասնաճյուղի նախագահ, գրող, վաստակավոր ուսուցիչ և տեսչուհի տկն. Աստղիկ Բաբայանը:
Միության նախագահուհին նախ հակիրճ տողերում ներկաներին ծանոթացրեց ՀԲԸՄ-ի հիմնադրման, գործունեության և հավատամքի հետ, ապա կենտրոնացավ Իրանի մասնաճյուղի վրա և այսպես եզրափակեց իր խոսքերը. ՙՀիմնադրման թվականից մինչև ներկա ժամանակները, Կենտրոնական վարչությունը, Կանանց մասնաճյուղը և Սկաուտական բաժանմունքը համագործակցությամբ շարունակել են միության ազգային, մշակութային և մարդասիրական աշխատանքները և այսօր ևս ձեռք-ձեռքի տված շարունակում են իրենց գործը, քայլելով Պողոս Նուբար Փաշայի գծած ճանապարհովª հեռու կուսակցականացումից և քաղաքական որոշակի արևելումից: Դրա համար էլ Հայաստանն ու Սփյուռքը, անկախ նրանցում տիրող մթնոլորտից ՀԲԸՄ-ի համար դարձել են աշխատանքի վայր, քանի որ նրա համար կարևոր է եղել Հայը և Հայաստանը: Հենց դրանով է բացատրվում նաև նրա հիմնական, և ըստ իս ամենագեղեցիկ, նշանաբանըª ՙՀայը, Հայով, Հայի համար՚՚:
Աստղիկ Բաբայանն ապա, հպարտությամբ, շեշտավորեց. ՙՀայի և Հայրենիքի կողքին եղել ու լինելու է ՀԲԸՄ-ն, վկանª Հայրենի հողի վրա և գաղթօջախներում տարվող բազմաբովանդակ աշխատանքները՚:
Ա. Բաբայանի ելույթից հետո բեմ հրավիրվեցին Ասպետների խումբը և բոլոր նրանք ովքեր դեր էին ստանձնել վերանորոգման աշխատանքներում, որոնց հատուկ հուշանվերներ ու գնահատագրեր հանձնեց միության նախագահուհին:
Ավարտական ելույթը մեր համայնքի սովորության համաձայն Սրբազան Հորն էր, ով իր հայրական խոսքերով քաջալերում և օրհնում է համայնքային կառույցներին ու միություններին:
Սրբազան Հայրը շնորհավորելով ՀԲԸՄ-ի վերանորոգումն ու վերաբացումը ասաց.ՙԻչպես տեսանք ցուցադրվող նկարներում բավական մեծ աշխատանք է տարվել այստեղ և այս բոլորը միասնական ջանքերի ու համատեղ աշխատանքների շնորհիվ՚:
Ծրագրի ընթացքում հանդիսականներին իրենց ասմունքներով հիացրին` Անգինե Վարդանյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Լեռնիկ Իսայանը: Իսկ Կարինե Մանուչերյանի ղեկավարությամբ ՙԱկունք՚ պարախմբի սաները իրենց պարերով զվարճացրին սրտերը: Եվ ի վերջո մեներգիչններ` Զորիկ Ֆարհադյանն ու Լուսինե Միքայելյանը, Լուիզա Ավետիսյանի նվագակցությամբ, իրենց հոգեպարար ձայնով լիացրին մշակութային հաճույքը:
Ձեռնարկն ավարտվեց ընդունելությամբ, որի պատրաստման համար մեծ աշխատանք էր տարել Կանանց բաժանմունքը:
Աիդա Սողոմոնյան
ՙԱՐԱՔՍ՚ Թիվ 202

No comments: