Wednesday, December 15, 2010

Ստամբուլահայերը հրաժեշտ են տվել թուրքի հետ ամուսնացած եւ եղբոր կողմից սպանված հայազգի աղջկան

News.am. 15-12-2010- Ստամբուլում եղբոր կողմից սպանված հայազգի Սոնեյ Օղմենին հրաժեշտ տալու համար բազմաթիվ ստամբուլահայեր հավաքվել էին հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցում, որից հետո աղջկա դիակը ամփոփվել է Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասի հայկական գերեզմանատանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ եղբոր կողմից սպանված աղջկա հոգեհանգիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին ժամը 14:00-ին Ս. Գեւորգ եկեղեցում, որի շուրջ ոստիկանությունը անվտանգության խիստ միջոցառումներ էր ձեռնարկել։ Լրագրողներին չի թույլատրվել մոտ 30 րոպե տեւած հոգեհանգստի արարողության ընթացքում եկեղեցու ներսում նկարահանում իրականացնել։
Հայկական Օղմենների ընտանիքի փաստաբան եւ միեւնույն ժամանակ քրոջը սպանած Գյոնայ Օղմենի դատապաշտպան Ադնան Մերջանը «Դողան» գործակալության թղթակցի հետ զրույցում հերքել է, թե սպանությունը կատարվել է կրոնական հողի վրա։ «Սպանությունը իրագործվել է պահի տակ եւ այն կանխամտածված չի եղել»,-կարծիք է հայտնել փաստաբանը։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ի երեկոյան Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 10 օր առաջ ամուսնացած հայազգի Սոնեյի եւ մահմեդական Զեքերիայի դիակները։
Աղջկա եղբայրը ներկայացել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ ինքն է սպանել իր քրոջն ու փեսային։ «Մեր ընտանիքը կրոնական անհամատեղելիության պատճառով դեմ էր նրանց ամուսնությանը։ Մենք առաջարկել ենք, որ Զեքերիան քրիստոնեություն ընդունի եւ հարսանիքը եկեղեցում իրականացնենք։ Այդ օրը սրճարանում հանդիպել եմ քրոջս եւ նրա ամուսնու՝ Զեքերիայի հետ եւ զրուցել հարսանիքի հետ կապված։ Սակայն խոսակցությունը հարթ չի ընթացել, եւ ես առաջարկել եմ դուրս գալ եւ ավելի հանգիստ տեղ զրուցել։ Մենք մեքենայում շարունակել ենք խոսակցությունը։ Ես Զեքերիային հասկացրեցի, որ մեր ավանդույթները, նամուսը թույլ չեն տալիս առանց եկեղեցու ամուսնացնել, իսկ նա վիրավորեց եւ հայհոյեց թե ինձ, թե մեր նամուսն ու ավանդույթները։ Ես չդիմացա վիրավորանքին եւ ատրճանակով սպանեցի Զեքերիային։ Այդ պահին քույրս սառել էր, ում ուղղությամբ եւս կրակ արձակեցի եւ հեռացա մեքենայից»,-ոստիկանությունում պատմել է աղջկա եղբայրը։

No comments: