Thursday, December 9, 2010

ՎԱՆԴԱԼԻԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Գազազած» ադրբեջանցիները Թեհրանից մեկնել են Կիե՞ւ
«ԱԶԳ», 09-12-2010- Ընդամենը երկու ամիս է անցել Թեհրանում անցկացված ԶԼՄ-ների միջազգային ցուցահանդեսից, որտեղ Հայաստանը, ինչպես արդեն գրել ենք, ներկայացրին «Ազգ» օրաթերթն ու PanArmenian.net կայքը: Մեր ընթերցողները հնարավորություն ունեցան հենց Թեհրանից տեղեկանալու այնտեղ տեղի ունեցած ադրբեջանական հերթական վայրագությանը, երբ հասուն տղամարդը իրեն թույլ է տվել ներխուժել հայկական տաղավար, եւ այնտեղից պոկել Արցախին նվիրված պաստառը: Թեհրան գործուղված մեր լրագրողը մանրամասն ներկայացրեց իրավիճակը, եւ որ միջոցառման իրանցի կազմակերպիչները, փաստորեն, ընդդեմ ադրբեջանական հիստերիայի ոչինչ անել չեն կարողացել: Հայտնի է, որ եթե սրիկայությունը չես պատժում, գոնե չես քննադատում հրապարակավ, ապա բազմիցս դեռ կկրկնվի: Այսպես. այս օրերին Կիեւում ընթանում է «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»: Միջոցառումը ավանդաբար կազմակերպում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ այս տարի մասնակցում են շուրջ 300 լրատվամիջոցներ հետխորհրդային հանրապետություններից, այդ թվումՙ անհատ բլոգերներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաեւ ԱՊՀ, բալթյան երկրների եւ Վրաստանի լուսանկարիչների ցուցահանդես: Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, «Լուսագրություն» խորագրով ցուցահանդեսում ամենամեծ ցուցադրություններից մեկը ներկայացնում էին տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի կադրերը: Ռուբեն Մանգասարյանի մի քանի տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերում էին Արցախին. դրանցից մեկը պատկերում է լքված գերեզման, մյուսը` խաչքար: Նշված լուսանկարների դեպքում, ի դեպ, կազմակերպիչները հստակեցրել են. «1993թ., Մարտակերտի շրջան, Հայաստան»: Սակայն միջոցառման ժամանակ հայտարարված առաջին սուրճի ընդմիջումից հետո, որն անց էր կացվում ցուցադրության տարածքում, հայ լուսանկարչի գործերի մակագրությունները բավականին կոպիտ ձեւով պատռվել էին, ընդ որում` միայն Արցախին վերաբերող նշված լուսանկարներից:
Ենթադրվում է, որ լուսանկարների մակագրությունները պատռել են ֆորումին մասնակցող ադրբեջանցիները (ուրիշ էլ ո՞վ):

No comments: