
«Ռուսաստանը ակտիվ դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Մենք ողջունում ենք Ռուսաստանի քայլերը եւ պատրաստ ենք այս հարցում սերտորեն համագործակցել, - հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան` միաժամանակ ընդգծելով. - Վաշինգտոնը հույս ունի, որ Միացյալ Նահանգների նման Ռուսաստանը եւս ձգտում է խնդրի կարգավորման, որի հիմքում կլինեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշակած առանցքային սկզբունքները»։
Հիշեցնելով, որ այս տարվա հուլիսին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելել է տարածաշրջան, այդ թվում` Հայաստան ու Ադրբեջան, Գորդոնը ընդգծել է` հարցը գտնվում է պետքարտուղարի ուշադրության ներքո: «Հիլարի Քլինթոնը մշտապես տեղեկացվում է կարգավորման շուրջ զարգացումներին եւ ուշադրությամբ հետեւում է իրավիճակին», - ասել է Ֆիլիպ Գորդոնը։
Նա հերքել է լրագրողներից մեկի այն դիտարկումը, թե Միացյալ Նահանգները բավականաչափ ակտիվորեն չի մասնակցում կարգավորման շուրջ աշխատանքներին: «Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է կողմերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների հետ եւ շահագրգռված է արդյունքներով, այնպես, ինչպես մյուս համանախագահները` Ռուսաստանն ու Ֆրանսիան, - ասել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը եւ ընդգծել. - Հաշվի առնելով հակամարտության կարգավորման կարեւորությունը` Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին»։
Ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, կարգավորման գործընթացում դեռեւս առկա տարաձայնությունները, ինչպես նաեւ շփման գծում արձանագրվող միջադեպերը անհանգստացնում են պաշտոնական Վաշինգտոնին: «Սա վտանգավոր իրավիճակ է, որը ընդգծում է առաջընթացի հասնելու համար մեր կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», - ասել է Ֆիլիպ Գորդոնը: Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
No comments:
Post a Comment