Friday, December 31, 2010

Թուրքիան ցույց տվեց, որ անվստահելի գործընկեր է

2010 թվականը ցույց տվեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր միջազգային հանրության հանդեպ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված տարեվերջյան հարցազրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «2010 թվականին միանշանակ ակնհայտ դարձավ, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Գիտեք, ֆուտբոլ կարող ես լավ չխաղալ, բայց երբ գնդակը գտնվում է քո դաշտում եւ տրիբունաները գոռում են այդ մասին, աղաղակում են, որ քո դաշտում է եւ դու չես տեսնում, դա արդեն այլ ոլորտից է: Եվ ոչ միայն չտեսնել, այլ փորձել ինչ-որ այլ բան ձեւացնել՝ դա ինքնախաբեություն է: Այդ ինքնախաբեությամբ կարող ես միայն քեզ խաբել: Ոչ ոքի չես կարող համոզել: Ակնհայտ է` տարբեր մայրաքաղաքներից հնչում է մեկ բան, որ Հայաստանը արեց հնարավորինը, անցավ իր ճանապարհը, հիմա Թուրքիան պիտի անի համապատասխան քայլեր: Նախապայմանների լեզվին վերադառնալը, որն օգտագործվել է այս գործընթացը սկսելուց առաջ, եւ դա իհարկե չի եղել գործընթացի ժամանակ, ինչի մասին քաջատեղյակ են թե միջնորդները, թե աջակից երկրները: Այդ մոտեցումը անընդունելի է»-ընդգծել է Նալբանդյանը:
Արտգործնախարարի խոսքով՝ թուրքերն ասում են, որ ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել հարաբերությունների հաստատմանը: Առաջին հերթին հենց թուրքական կողմն է վնաս հասցրել եւ հասցնում կարգավորման գործընթացին իր մոտեցմամբ: «Միջազգային հանրությունը միտված է դեպի ցեղասպանության ճանաչումը: Թուրքական բոլոր փորձերը դեմ գնալ դրան դատապարտված են ձախողման»,- նշել է Նալբանդյանը՝ ավելացնելով, որ, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, ապա կան ստորագրված արձանագրություններ, եւ ի վերջո ամբողջ միջազգային հանրությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը, տարբեր այլ միջազգային կառույցներ, բազմաթիվ երկրներ ասում են, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել արձանագրությունները եւ հարգել պայմանավորվածությունները:

No comments: