Sunday, December 12, 2010

Քրդերը Թուրքիային չեն թողնում Եվրամիություն. ռուս փորձագետ

Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հավանականությունը լավագույն դեպքում 1 տոկոս է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինտիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը, հավելելով, որ այդ թիվն ասում է այն պատճառով, որ չասի 0 տոկոս:
Նրա խոսքով, ԵՄ շատ երկրներ ուղղակի չեն ցանկանում Թուրքիային տեսնել իրենց շարքերում: «Դրա համար նրանք ունենք բազմաթիվ հրաշալի առիթներ»,- հայտարարել է փորձագետը, այդ թվում նշելով հայոց ցեղասպանության, քրդական, ինչպես նաեւ Կիպրոսի հետ կապված խնդիրները:
Անդրադառնալով քրդական խնդրին, նա նշել է, որ Թուրքիայում քրդերի վարքը շատ բանով կախված է Իրաքում քրդերի վարքից:
«Իրաքյան Քուրդիստանը փաստացի, անկախություն է ձեռք բերել եւ Իրաքի կազմում է միայն ֆորմալ առումով: Երբ ամերիկացիները հեռանան այդտեղից, իսկ նրանք հեռանալու են, Իրաքը կպառակտվի եւ Թուրքիան կունենանք քրդական հարեւան»,- նշել է ռուս փորձագետը, դա Թուրքիայի համար համարելով «մղձավանջ»:
Նրա ներկայացմամբ, դա էլ ավելի կխորացնի Թուրքիայի քրդերի խնդիրը, քանի որ Իրաքի քրդերը չեն ցանկանա կիսել իրենց նավթային եկամուտները Թուրքիայի քրդերի հետ եւ ընդունել նրանց իրենց առանց այդ էլ ոչ մեծ տարածքում: Նրանք կփորձեն ամեն կերպ դրդել Թուրքիայի քրդերին ստեղծել սեփական պետությունը:
Հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ Թուրքիայի քրդերին կհաջողվի սեփական պետությունը ստեղծել, ռուս փորձագետը պատասխանեց, որ այդ հնարավորությունը մեծ չէ, քանի որ Թուրքիան հզոր երկիր է եւ ունի բավարար ռեսուրսներ դա թույլ չտալու համար, սակայն այդ խնդիրը մշտապես իր վրա է սեւեռելու գերտերությունների ուշադրությունը:

No comments: