Sunday, December 26, 2010

Բելգիայի խորհրդարանի անդամ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը էական առաջընթաց է ունեցել

News.am. 26-12-2010- Բելգիայի Թագավորության Սենատի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոլեան դյո Վիվյեի գնահատմամբ, անցած 15 տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը էական առաջընթաց է ունեցել:
«Իհարկե, ճանաչումը համաշխարհային չէ, սակայն դուք պետք է նայեք, թե ինչ է արվել վերջին 10-15 տարում: Առաջընթացը նշանակալից է», -ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւ հավելել. «Իհարկե, կարեւոր է արեւմտաեվրոպական երկրների եւ, հուսով եմ, մի օր էլ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Սակայն առավել կարեւոր է Հայաստանի հարեւանի` Թուրքիայի, կողմից ճանաչումը: Սա է ապագայի հիմնական հարցը, բայց այս առումով ես որոշակի հույսեր ունեմ: Որովհետեւ, օրինակ, իմ երկրում` Բելգիայում, մենք արդեն ունենք այնտեղ ծնված թուրքերի երրորդ սերունդ: Այդ` երրորդ սերունդը գնում է համալսարաններ, ձեռք է բերում քննադատող մտածելակերպ, եւ համալսարաններում նրանք սովորում են այն պատմությունը, որը նրանց հայրերը նրանց չեն պատմել: Կարծում եմ, որ սա մեծ հույս է ապագայի համար»:
Խոսելով այն մասին, թե իր կարծիքով ինչ ընթացք կստանա միջազգային հանրության ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը` դյո Վիվյեն, մասնավորապես, նշել է. «Ես այն սերնդից եմ, ով մտածում էր, թե Բեռլինի պատը երբեք չի փլվի, եւ հանկարծ այն քանդվեց, որովհետեւ դրան նախորդող 20-30 տարում որոշակի աշխատանք էր տարվում ինտելեկտուալների ցանցի միջոցով, ու ի վերջո արդյունքը ստացվեց։ Սա ճիշտ այն է, ինչ ես մտածում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով: Համոզված եմ, որ գալու է մի օր, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
«Ես ձեզ կարող եմ պատմել, թե ինչ խոսակցություն տեղի ունեցավ իմ եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ, երբ նա դեռ Թուրքիայի արտգործնախարարն էր: Նա դժգոհ էր այն փաստից, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որեւէ քննարկում չկա հայ ու թուրք պատմաբանների միջեւ, եւ ասում էր, թե դա լավ գաղափար կլիներ», - հիշել է Բելգիայի Թագավորության Սենատի պատվավոր անդամը՝ շարունակելով. «Ես նրան ասացի, պարո՛ն նախարար, տեսեք` դուք խոսում եք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին մի երկրի հետ, որին դուք նույնիսկ չեք էլ ճանաչել: Արդյոք դուք չե՞ք կարծում, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի սահմանների բացումը, դեսպանների փոխանակումը եւ հետո նոր սկսեք քննարկումները: Եվ այդ ժամանակ պարոն Գյուլն ասաց` այո, ձեր ասածի մեջ տրամաբանություն կա»: Հաղորդում է «Ազատությունը»:

No comments: