Wednesday, December 29, 2010

Ռուսաստանը տնտեսապես զավթել է Հայաստանը. թուրք փորձագետ

Tert.am. 28-12-2010- Հաշվի առնելով Հայաստանում ռուսական ներկայության արմատակալման հանգամանքը՝ պետք է ասել, որ նման պայմանների առկայության դեպքում Ռուսաստանը Հայաստանին հեշտությամբ չի զիջի Թուրքիային կամ Արևմուտքին։ Այս մասին «Ռուսաստանը գնել է Հայստանը» խորագրով իր հոդվածում (avim.org.tr) գրում է Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի (USAK) ղեկավար Սեդաթ Լաչիները։
«Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից ի վեր Ռուսաստանը շահարկում է հայ–թուրքական խնդիրը, ինչից չեն շահում ոչ թուրքերը, ոչ էլ հայերը։ Նրանք նախ կորցրեցին իրենց հայրենիքը, որտեղ ապրում էին հարյուրավոր տարիներով, իսկ հետո՝ իրենց կյանքն ու ունեցվածքը»,– գրում է թուրք փորձագետը՝ ավելացնելով.
«Ռուսական մեծ ռազմավարության մեջ կարևոր առաքելություն ստանձնած հայերի ճակատագիրը, ցավալի է, որ 1991թ. հետո էլ չի փոխվել։ Թուրքերի հետ իրենց խնդիրները որևէ կերպ կարգավորել չկարողացող հայերը դարձյալ տրվեցին ռուսներին։ Այն դեպքում, երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները փորձում են ամրապնդել իրենց անկախությունը, հայերը 1991թ. հետո իրենց էլ ավելի շատ կախվածության մեջ գցեցին Մոսկվայից»։
Ընդգծելով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի և հարևանների հետ սահմանները լիարժեքորեն օգտագործել չկարողանալու պատճառով մինչև օրս լուրջ տնտեսական և դեմոգրաֆիական խնդիրներներ ունի, Սեդաթ Լաչիները գրում է.
«Այն բանից հետո, երբ փակվեցին Հայաստանի սահմանները արևմուտքում Թուրքիայի, իսկ Արևելքում Ադրբեջանի հետ, Հայաստանը ստիպված եղավ մնալ Վրաստանի և Իրանի հետ սահմանների հույսին։
Սակայն Իրանի հետ սահմանն այնքան էլ շահեկան վիճակում չէ։ Նախ Իրանի տնտեսությունը շատ զարգացած չէ, և երկրորդ, Իրանն ավելի մեկուսացած վիճակում է, քան Հայաստանը։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հետ սահմանին, ապա այն բավականին վստահելի չէ։ Բացի այդ Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակիցն է։ Այդ պատճառով Հայաստանը 1991թ. ի վեր շատ դժվարություններ է ունեցել։ Գործազրկության պատճառով, ըստ որոշ աղբյուրների, մոտ 1 միլիոն հայ գաղթել է Ռուսաստան և այլ երկրներ։ Մյուս կողմից հայկական Սփյուռքը, որը զգալի չափով խոչընդոտում է Հայկական հարցի լուծմանը, չկարողացավ անհրաժեշտ չափով օգնել Հայաստանին»։
Թուրք փորձագետի կարծիքով՝ հենց այդ պայմանների առկայությունն էր, որ ստիպեց հայերին մեծ չափի վարկեր վերցնել Ռուսաստանից և տնտեսական կախման մեջ ընկնել այդ երկրից։
«Բացի այդ, Հայաստանի տնտեսության մեջ աճեցին Ռուսաստանում ապրող հայերի ներդրումները։ Իսկ երբ հայերը չկարողացան Ռուսաստանին վերադարձնել պարտքերը, Հայաստանի կարևոր նշանակության ենթակառուցվածքներն անցան Ռուսաստանի ձեռքը։ Օրինակ՝ հայկական ատոմակայանի շահագործման իրավունքը նույնպես պատկանում է Ռուսաստանին»,– գրում է Սեդաթ Լաչիները՝ նշելով, որ վերջերս այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ռուսական RBK–ին տված հարցազրույցից երևում է, թե Հայաստանի վիճակն ավելի ծանր է, քան թվում է։
«Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ռուս գործարարների բաժինը հայկական շուկաներում կազմում է 30-50%։
Որոշ ոլորտներում այս թիվը նույնիսկ հնարավոր է ավելի բարձր լինի։ Իսկ եթե մի երկիր մեկ այլ երկրում ունենում է 50% բաժին, ապա դա արդեն արտակարգ իրավիճակ է և նշանակում է տվյալ երկրի տնտեսության փաստացի զավթում»,– գրում է Լաչիները՝ ավելացնելով.
«Համաձայն ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունների՝ Հայաստանում Ռուսաստանի ներդրումները հասնում են 3 միլիարդ դոլարի։ Պուտինը հայտարարում է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանին, և այդ պատճառով անգամ ճգնաժամային իրավիճակում Հայաստանին ցածր տոկոսադրույքով վարկ են տրամադրում։ Սա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող ռազմավարական գործընկեր է։ Իսկ ինչպես հայտնի է, Հայաստանի սահմանները պաշտպանում են նաև ռուս զինվորները։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը երբեք և ոչ մի կերպ չի հրաժարվելու Հայաստանից»։
«Հայաստանում ռուսական ներկայությունն արմատակալում է։ Իսկ նման պայմանների առկայության դեպքում դժվար թե Ռուսաստանը Հայաստանին հեշտությամբ զիջի Թուրքիային կամ Արևմուտքին։ Այդ պատճառով Ռուսաստանից շատ բան պետք չէ սպասել ինչպես Հայաստան–Թուրքիա մերձեցման գործընթացում, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,– նշում է Սեդաթ Լաչիները։

No comments: