Friday, December 10, 2010

Բեգլարյանի հրաժարականը կապված է Պզոյի գործի հե՞տ

Tert.am. 9-12-2010- Ռուսական առաջատար օնլայն լրատվամիջոցներից մեկը՝ Lenta.ru կայքը, «Չոռնի Գագոյի անկումը» (Падение Черного Гаго) վերնագրի ներքո ներկայացնում է հետաքրքիր դիտարկումներ Երևանի քաղաքապետի հրաժարականի հետ կապված գործընթացների վերաբերյալ։
Մասնավորապես կայքը տեղեկացնում է, որ օրերս Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը հայտնի է նաև Չոռնի Գագո մականվամբ, «տգեղ պատմության» մեջ է ընկել։ Այնուհետև նշում է, որ տարածված լուրերի համաձայն՝ քաղաքապետը առևանգել է ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակցին և ծեծել նրան այն բանի համար, որ նա քաղաքապետի կնոջը թույլ չի տվել նստել նախագահի կողքին։ «Իշխանությունները սկզբում ամեն ինչ հերքում էին (կամ ուղղակի լռում)»,– գրում է կայքը։
«Այս դեպքը նույնիսկ հետաքրքիր է ոչ այնքան նրա համար, թե ինչպես իրեն պահեց քաղաքապետը։ Քաղաքական գործիչների, նրանց հարազատների և թիկնապահների մասնակցությամբ վեճերի և նույնիսկ փոխհրաձգությունների մասին տեղեկությունները հայկական մամուլում, նախևառաջ ընդդիմադիր մամուլում, հայտնվում են պարբերաբար»,– նշում է կայքը՝ ավելացնելով,– ճիշտ է նման պատմությունները հաճախ չեն հաստատվում և պաշտոնական զարգացում չեն ունենում»։
Կայքն ընդգծում է, որ այս անգամ ամեն ինչ այլ էր, քանի որ իշխանությունները ընդունեցին «փաստը» և պատասխանատվության ենթարկեցին « դերակատարին»։
Հրապարկման մեջ նշվում է, որ Բեգլարյանը հայտնի է նաև որպես մեծ ձեռնարկատեր. «Նրա հետաքրքրությունների ոլորտի մեջ են մտնում թեթև արդյունաբերություն (մի շարք տրիկոտաժային ձեռնարկություններ), շինարարություն և հողատարածքների վաճառք։ Նրա եղբայր Հակոբը, ի դեպ, նշանակված է Պետական գնումների գործակալության ղեկավար»,– նշում է կայքը։
Անդրադառնալով Բեգլարյանի մականվանը՝ կայքը նշում է. «Հայաստանում նման մականուններ ունեն մի շարք քաղաքական գործիչներ և օլիգարխներ (որոշ դեպքերում դա քրեական աշխարհին մոտ լինելու նշան կարող է համարվել)։ Այդ մականունները շատ հայտնի են»։
«Հայկական մամուլում, օրինակ, կարելի է հանդիպել նման նորությունների. «Անցած շաբաթ Երևանում տեղի է ունեցել մայրաքաղաքի հեղինակությունների հավաք։ Նախաձեռնողը եղել է հեղինակություն Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը)։ Եկել են 300 մարդ, որոնց թվում՝ հայ օլիգարխ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո), նախկին կապի և տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո)։ Քիչ ուշացումով մասնակիցներին միացավ նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը (Մուկ)»»,- գրում է lenta.ru-ն։
Կայքը մեջբերում է նաև 2010 թ. ապրիլին «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումը հարաբերություններ պարզելու մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել մի կողմից Գագիկ Բեգլարյանի կողմնակիցների, իսկ մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների միջև, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է 40 մարդու, առգրավել ատրճանակներ, դանակներ։
Ռուսական լրատվամիջոցն անդրադառնում է նաև 2009թ. փետրվարին տեղի ունեցած դեպքին, երբ Բեգլարյանի թիկնապահները ծեծել էին մի աշակերտի, որը վիրավորել էր քաղաքապետի որդուն։ Բեգլարյանի թիկնապահները մյուս աշակերտների ներկայությամբ մահակներով ծեծել էին այդ դպրոցականին։
Հրապարկման մեջ մեջբերվում են նաև Բեգլարյանի այն խոսքերը, թե «մենք ինքներս ենք մեզ պաշտպանում, թիկնապահներ չենք պահում, որ մեզ համար կռվեն»։ «Երևի հենց այս սկզբունքով էլ առաջնորդվել է արարողակարգի աշխատակցի հետ կոնֆլիկտի ժամանակ։ Սակայն միևնույն ժամանակ նա գերագնահատեց իր հնարավորությունները»,– գրում է կայքը։
Այնուհետև ներկայացվում է քաղաքագետ Վիկտոր Յակուբյանի տեսակետը այս դեպքի առնչությամբ։ Յակուբյանի կարծիքով՝ այդ դեպքը քաղաքապետի հրաժարականի համար պատրվակ էր, այլ ոչ թե պատճառ։
Յակուբյանը մի քանի պատճառ է նշել, այդ թվում այն, որ Բեգլարյանը հնարավոր է՝ հատուցեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հետ կապ ունենալու համար, ինչպես նաև այդ ամենը կարող է կապված լինել «Պզոյի գործի» հետ, որը ամիսներ առաջ ԱՄՆ–ում ձերբակալվեց ապահովագրական ընկերությունների միջոցները հափշտակելու մեղադրանքով։ «Այդ գործով Հայաստանում աշխատեցին Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները, քանի որ այդ գողացված միջոցների մի մասը ուղղվել էր Երևանում շինարարության ոլորտին։ Եվ չի բացառվում, որ նա քավության նոխազ է, որը Հայաստանի ավելի բարձրաստիճան պաշտոնյաների վրայից հանում է «Պզոյի» ֆինանսների հետ կապ ունենալու կասկածանքը»,- ասել է քաղաքագետը։

No comments: