Panorama.am. 15-12-2010- Ես հույս ունեմ, որ թուրքական կառավարությունը շուտով կփոխի իր քաղաքականությունը, որովհետև Թուրքիան այժմ քաղաքական բարդ գործընթացների մեջ է: Այսօր Երևանում հայ լրագրողների հետ հարցազրույցում հայտարարեց թուրք հասարակագետ, գիտնական Թաներ Աքչամը:Նրա խոսքով, քրդական հարցի, մասնավորապես քրդերի իրավունքների հետ կապված այժմ դրական զարգացումներ կան Թուրքիայում
«Եվ ես լիահույս եմ, որ մենք կունենանք նույն դրական զարգացումները պատմությանը դեմ առ դեմ կանգնելու հարցում: Ես ուրախ կլինեմ այդ դեպքում ներկայացնել մեկ այլ Թուրքիա, որտեղ հարյուր հազարավոր թուրքեր կան, որոնք հայտարարել են, որ իրենք հայեր են, իրենք Հրանտ Դինք են: Մենք խնդրում ենք մեր կառավարությանը թերթել մեր պատմության այդ մութ էջը», - հավելեց Աքչամը:
Վերջինս Երևան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, իսկ վաղը, դեկտեմբերի 14-ին, պատրաստվում է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարության վիճակին` Աքչամն ասաց, որ իր հարազատ երկրում դեռևս հակաժողովրդավարական օրենքներ են գործում և մատնանշեց Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը:
«301 հոդվածը Թուրքիայում խոսքի ազատության ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է, բայց ամենագլխավոր խնդիրը Թուրքիայում մնում են ռազմական ու իրավական ոլորտում գոյություն ունեցող գաղտնի կազմակերպությունները», -հայտնեց Աքչամը` նշելով, որ այդ կազմակերպությունները դեռևս ակտիվ են Թուրքիայում:
Թուրք գիտնականն այժմ ապրում է ԱՄՆ-ում և ինչպես ինքն ասաց, իրեն համեմատաբար ապահով է զգում:
«Թուրքիայի իմ ընկերներն ավելի քաջ են ու պայքարում են: Եթե մենք ժողովրդավարական Թուրքիա ենք ուզում, ապա դրան հասնելու համար պետք է վճարենք դժվարություններով», - հավելեց Երևանում գտնվող թուրք հյուրը:
Նշենք, որ Թաներ Աքչամը այն թուրք գործիչներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և այդ պատճառով էլ հալածվել թուրք իշխանությունների կողմից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment