Friday, December 10, 2010

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Panorama.am. 10-12-2010- 1948 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց 423 (V) բանաձևը, որը կոչ էր անում բոլոր երկրներին և շահագրգիռ կազմակերպություններին ամեն տարի նշել դեկտեմբերի 10-ը որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Հռչակագիրը թարգմանվել է աշխարհի ավելի քան 360 լեզուներով:
Ի դեպ, աշխարհում որևէ այլ փաստաթուղթ այդքան շատ լեզուներով չի թարգմանվել: Մարդու իրավունքների մասին հռչակագիրը այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու հիմնական իրավուքները:
Աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է համաժողովների, հանդիպումների և մշակութային իրադարձությունների ու ցուցահանդեսների միջոցով:

Այսօր Հայաստանում նույնպես նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։ Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ևս ամրագրվել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում ստեղծվեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, և կարճ ժամանակից Ազգային ժողովը նշանակեց Մարդու իրավունքների պաշտպան, իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո Ազգային ժողովում նաև ստեղծվեց մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով:

Օրվա ընթացքում Երևանում նույնպես կազմակերպվելու են միջոցառումներ, քննարկումներ, սեմինարներ. Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ գրասենյակները կազմակերպել են մարդու իրավունքների պաշտպանների տեղեկատվական ցուցահանդես և ռոք-համերգ, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը կարդալու է դասախոսություն, Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում տեղի է ունենալու մարդու իրավունքների և հանդուրժողականության վերաբերյալ բաց դաս, որին նեկա են լինելու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դաֆինա Գերչևան, և այլն:

No comments: