Monday, December 13, 2010

Իգդիրի համալսարանը սպասում է հայաստանցի մասնագետի

News.am. 13-12-2010- Իգդիրի համալսարանի ռեկտոր պրոֆ. Իբրահիմ Հաքքը Յըլմազը հայտնել է, թե բանասիրության ֆակուլտետի կազմում բացվել է հայոց լեզվի եւ գրականության բաժին, որտեղ դասավանդելու համար մասնագետ են ցանկանում բերել Հայաստանից:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Իգդիրի համալսարանի ռեկտորը նշել է, թե 2011-ից իրենց բանասիրության ֆակուլտետի կազմում կսկսի գործել պարսկերեն եւ գրականություն, ռուսաց լեզու եւ գրականություն ու հայոց լեզու եւ գրականություն բաժինները:
Հարցին, թե ինչո՞ւ հայերեն, ռեկտորը պատասխանել է, թե իր կարծիքով Թուրքիայում հայերեն իմացող մասնագետների կարիք կա: «Թուրքիայի համալսարաններում հայոց լեզվի բաժիններ այնքան էլ չկան: Մենք Հայաստանի հետ սահմանակից ենք եւ դասախոս էլ կգտնենք: Դրանով Թուրքիայի` այդ հարցում ունեցած պակասը կլրացնենք»,-շեշտել է ռեկտորը:
Թղթակցի այն հարցին, թե միայն անպայման հա՞յ դասախոս են բերելու, պրոֆեսորը նշել է, թե իրենց համար կարեւորն այն է, որ դասվանդողը տիրապետի հայերենին եւ կարողանա սովորեցնել եւ թող նա լինի թեկուզ Նախիջեւանից:
Իգդիրի համալսարանի ռեկտորն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական արձանագրություններին` ընդծելով, որ ինքը ցանկանում է, որ սահմանները բացվեն: «Խնդիրը կապված է Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ եւ Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար կարեւոր նշանակություն ունի»,-ասել է ռեկտորը` հավելելով, թե Թուրքիայից Ադրբեջան գնալու համար ստիպված են լինում Իրանով երկար ուղեւորություն կատարել:

No comments: