Tuesday, December 7, 2010

Wikileaks. Իր շահերի պաշտպանության համար Իսրայելը ժամանակակից զենք է վաճառել Ադրբեջանին

News.am. 7-12-2010- Wikileaks-ը հրապարակել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ քաղաքական հարցերով խորհրդական Ռոբերտ Գավերիկի հեռագիրը՝ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների մասին: Ներկայացնում ենք հեռագրի առավել հետաքրքրական հատվածները:
«Ինչպես եւ Իսրայելը, Ադրբեջանն Իրանը դիտարկում է որպես իր անվտանգության գլխավոր սպառնալիք: Դրանով է պայմանավորված երկու երկրների համագործակցությունը: Բաքվում Իսրայելի դեսպան Արթուր Լենքը հաճախ էր կրկնում. «Եթե մենք կարողանայինք հարեւաններին փոխել Ադրբեջանի հետ, անպայման կանեինք»:
Ադրբեջանական իշխանությունները հետեւողականորեն պաշտպանում են Իսրայելի շահերը Բաքվում: Օրինակ, առաքելության ղեկավարի տեղակալն ասել է, թե Գազայի հատվածի գործողության ժամանակ պաշտոնական իշխանությունները զգալի բարելավել են Բաքվում Իսրայելի դեսպանատան անվտանգությունը, իսկ բողոքի ցույցի ժամանակ ոստիկաններ են ուղարկել եւ ձերբակալություններ արել:
Շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի՝ Ադրբեջանին հասանելի է դարձել սպառազինության նոր մակարդակը՝ սեփական բանակի զարգացման համար: Նման տեխնիկա նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից տարբեր իրավական սահմանափակումների պատճառով, նաեւ հետխորհրդային երկրներից: Արեւմուտքի մյուս երկրները վախենում են վերգետնյա ռազմական համակարգեր վաճառել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ չսկսելու համար: Իսկ Իսրայելն ազատ է գործարքներ կնքել եւ եկամուտ ստանալ հարուստ հաճախորդից:
2008թ. Ադրբեջանն առանց ավելորդ աղմուկի մեծ համաձայնագիր է ստորագրել Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, որը թույլ է տալիս տեղական ընկերություններին նռնականետներ, զինամթերք, ռեակտիվ հրետանի եւ կապի միջոցներ վաճառել:
Հստակ հայտնի չէ, թե ինչ է գնել Ադրբեջանը, հայտնի է միայն, որ գործարքը կնքվել է հարյուրավոր միլիոն դոլարների չափով: Ադրբեջանն արդեն ստացել է Lynx համազարկային 122 մմ-անոց համակարգ, որը դրվում է ծանր ԿԱՄԱԶ-ների վրա:
ԱՄՆ պաշտպանության նախարարության վերջին հաշվետվության համաձայն Ադրբեջանը իսրայելական ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսելու: Ձեռնարկության 51 տոկոսը պատկանելու է Ադրբեջանին:

No comments: