Tert.am. 14-1-2011- Նյու Յորքի համալսարանի Գլոբալ հարցերի կենտրոնի (CGA) կողմից իրականացվել է հետազոտություն, որին մասնակցած ամերիկացի փորձագետները երեք քաղաքական սցենարներ են առաջարկել, որոնք կարող են զարգանալ Թուրքիայում մինչև 2020 թվականը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը՝ տեղեկացնելով, որ հետազոտությունը, որին աջակցում է «Կարնեգի» հիմնադրամը, ամբողջական տեսքով հրապարակվելու է առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։Իսկ մինչ այդ Վաշինգտոնում գերմանական «Մարշալ» հիմնադրամի կողմից կազմակերպված Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունների քննարկմանը նվիրած համաժողովի ժամանակ CGA–ի տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Օպենհեյմերը ներկայացրել է երեք քաղաքական հնարավոր սցենարներ։
Սցենար 1.
Առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր է Թուրքիան վերածվի ոչ լիբերալ իսլամական պետության։ Թուրքիայում շարունակելու է իշխել Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Անտեսվելու են քաղաքացիական և մամուլի ազատությունները։ Ջրի երես է դուրս գալու «Արդարություն և զարգացում» կուսակցության գաղտնի օրակարգը, և ԵՄ անդամակցության հնարավորությունն այլևս ազդեցություն չի ունենալու ներքին քաղաքականության վրա։ Թուրքիայում քաղաքականության համար որոշիչ են լինելու ներքին դինամիկաները։
Սցենար 2.
Թուրքիան վերածվելու է ոչ լիբերալ աշխարհիկ պետության։ Իշխանությունը պատկանելու է արմատական աշխարհիկության կողմնակիցներին՝ զինվորականությանն ու էլիտային։ Ժողովրդա–հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ձևավորելու են կոալիցիոն կառավարություն, իսկ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը անհետանալու է քաղաքական դաշտից։ Բացի այդ, մեծ թափ է հավաքելու ծայրահեղ ազգայնականությունը։ ԵՄ հնարավոր անդամակցությունը չի կարողանալու դրականորեն ազդել ներքին քաղաքականության վրա։
Սցենար 3.
Թուրքիայում ուժեղանում է ժողովրդավարությունը, կուսակցությունների միջև նկատվում է բարձր մակարդակի մրցակցություն։ Ժողովրդա–հանրապետական կուսակցությունն սպառում է իրեն։ Ակտիվանում է քաղաքացիական հասարակությունը, և ԵՄ անդամակցության հավանականությունը, անգամ փոքր, բայց կարողանում է դրական ազդեցություն ունենալ։
Ընդգծելով, որ մինչև 2020թ. Թուրքիան չի դառնալու ԵՄ անդամ, պրոֆեսոր Օպենհեյմերը նշել է, որ Եվրամիությունը չի կարող ազդեցիկ դերակատարություն ունենալ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment