Saturday, January 15, 2011

Երեւանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին խոստացել է, որ հանրահավաքների իրազեկումները կքննարկեն բաց եւ թափանցիկ

Հունվարի 14-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, որի ընթացքում ի թիվս այլոց, նրանք խոսել են նաեւ Երեւանում երթերի եւ հանրահավաքների անցկացման հարցերի շուրջ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնել են, որ Մարի Յովանովիչը դրական է գնահատել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրենքը` կարեւորելով օրենքի պահանջների պահպանումը:
Երեւանի քաղաքապետը վստահեցրել է, որ զանգվածային միջոցառումների իրազեկման քննարկումները եւ որոշումների կայացումը լինելու է սահմանված ընթացակարգով, բաց եւ թափանցիկ:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը դեսպանին է ներկայացրել քաղաքապետարանի եւ ԱՄՆ դեսպանատան համագործակցության հնարավոր ոլորտները` կապված քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կրթության, խորհրդատվական ծառայության եւ ներդրումային դաշտի զարգացման հետ:
ԱՄՆ դեսպանը նշել է, որ ամերիկյան գործարարների համար շատ կարեւոր է Երեւանում հարմարավետ գործարար միջավայրի ստեղծումը: Երեւանի քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է, որ քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նպատակով նոր կառույցի ստեղծման մասին:

No comments: