«Լրագիր» 20-1-2011- Մի բարեփոխման պատմություն եւ արժեք հոդվածում անդրադարձել էինք կառավարության նախաձեռնած հարկային “բարեփոխումների”, մասնավորապես հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրս գրման համակարգի ներդման այն ժամանակ դեռեւս տեսական հնարավոր մեղմ ասած անհարմարություններին:Արդեն այսօր բազմաթիվ գործարար ընկերների եւ պարզապես ծանոթների հետ շփումների արդյունքում պարզ է, որ հնարավոր բարդությունների մասին տեսական ենթադրություններն իրականացել են եւ մի բան էլ ավելին: Բանն այն է, որ հատկապես միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները համատարած անհանգստացած են այս երեւույթով դրա առաջացրած խնդիրների պատճառով:
Իսկ խնդիրները շատ կոնկրետ են:Նախ, անհարմար է եւ նույնիսկ ամոթ ծրագրային ապահովման ներկա հնարավորություների դեպքում հաշիվ ապրանքագրերը լրացնել ձեռքով: Իհարկե, “բարեփոխիչները” կառարկեն` ասելով, որ հարկատուն կարող է օգտվել հենց հարկային մարմնի կայքում էլեկտրոնային հաշվի լրացման եղանակից: Սա համոզիչ կլինի խնդրին, կայքին եւ լրացման եղանակներին անծանոթ քաղաքացու համար: Բանն այն է, որ տվյալ կայքում այնուամենայնիվ պետք է ձեռքով մուտքագրել վաճառվող ապրանքների կամ արտադրանքի անվանումները, աշխատանքների կամ ծառայությունների տեսակները եւ, բացի այդ, աշխատանքը միեւնույն է կրկնապատկվում է, քանի որ հարկատուն վաճառքի, ելքի կամ պատվերի փաստաթուղթը կազմում է մեկ անգամ իր մոտ` իր հաշվառման ծրագում եւ երկրորդ անգամ` հարկային մարմնի կայքում: Մինչդեռ նախկինում հաշիվ ապրանքագիրն ավտոմատ ձեւավորվում էր ապրանքը սկանացնելուն զուգընթաց, կամ պատվերի, կամ ելքի տվյալների մուտքագրման հետ ավտոմատ:
Միեւնույն ժամանակ, չնայած ներքին հաշվառման ավտոմատ համակարգերի ներդրմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից մշակվում են տարբերակներ այդ ծրագրերը հարկային մարմնի կայքի հետ կապելու եւ ներդաշնակելու համար, սակայն դրանք արդյունավետ չեն աշխատում եւ հաճախ խափանվում են: Պատճառն այն է, որ հարկային մարմնի կայքը եւ համապատասխան ծրագիրը հաճախակի խափանվում է: Շատ հաճախ հաշիվը ստորագրել չի ստացվում, կամ բեռնվում են ոչ բոլոր տվյալները, եւ այսպես շարունակ: Կարելի է ենթադրել որ այս պրոբլեմները դեռ կավելանան ու կհաճախակիանան, քանի որ դեռեւս ոչ բոլոր հարկատուներն են օգտվում համակարգից եւ ոչ ամբողջ ծավալով:
Մյուս կողմից, դժվար է պատկերացնել աշխարհում զարգացած տնտեսությամբ եւ հարկային համակարգով մի երկիր, ուր հարկատուները հաշիվները դուրս են գրում նմանատիպ համակարգով, այն էլ տարբեր բլանկներով ապրանքների եւ աշխատանքների ու ծառայությունների համար: Պատկերացրեք Հայաստանն է այլեւս այդ երկիրը: Չնայած եթե կա եւս այդպիսի երկիր, թեկուզ եւ դա լինի ամենազարգացած համարվողը` դրան դժվար կլինի հավատալը, իսկ այդ երկրի զարգացածության մասին խոսակցությունները չափազանցված են: Պատկերացնո՞ւմ եք` հայ հարկատուն, որն իր մի գործընկերոջը վաճառում է ապրանքներ եւ նույն պայմանագրի շրջանակներում վճարովի տեղադրում դրանք, պետք է դուրս գրի ոչ թե մեկ հաշիվ, այլ միանգամից երկուսը` ապրանքների եւ աշխատանքների համար առանձին:
Չգիտենք` կարելի՞ է արդյոք գտնել եւս մեկ երկիր, որտեղ հարկատուն վճարում է յուրաքանչյուր դուրս գրվող հաշի համար օրինակ քսան դրամ, ինչպես մեզանում է:
Հետաքրքիր է նաեւ, որ յուրաքանչյուր տեղական հարկային տեսչություն նշված հատուկ հաշվառման բլանկները տարամադրում է ըստ իր նախընտրած կարգի`բլանկներն ուղղակի տպել եւ տրամադրելով կամ տպելուց հետո դրոշմակնքելով եւ համապատասխան աշխատակցի կողմից ստորագրելով: Վերջինիս արդյունքում դրանց տրամադրման պրոցեսը երկարաձգվում է: Առաջին դեպքում հարկատուն գոնե կարողանում է իր մոտ նույնությամբ պատրաստված բլանկին տեղադրել հարկային մարմնի գեներացրած սերիան եւ համարը` խուսափելով ձեռքով արտագրությունից, իսկ երկրորդ դեպքում նույնիսկ դա է անհնար:
Այսպիսով հայ հարկատուն բառիս բուն իմաստով “չարչարվում” է յուրաքանչյուր հարկային հաշիվ դուրս գրելու համար. դա կարող է տեւել նույնիսկ կես ժամ, չհաշված հնարավոր սխալները: Ահա այսպիսի բարեփոխում:
Եւ մի քանի նկատառում եւս.
Ապրանքների մեծածախ վաճառքով զբաղվող եւ ստվերային շրջանառություն չունեցող գործընկերներս կորցրել են իրացման ծավալների մեկ երրորդը: Պատճառն այն է, որ օրինական աշխատանքի ցանկությունը հնարավոր չէ համատեղել հաշիվների դուրս գրման համակարգի հետ: Աշխատակիցները պարզապես չեն հասցնում արտագրել, իսկ նա չի ցանկանում խախտել օրենքը: Արդյունքում ապրանքների մի մասը չի առաքվում:
Բարեփոխման արդյունքում կաշխուժանա տպագրական թղթի շուկան: Հարկային մարմինը ստիպված կլինի մեծ ծավալով թուղթ գնել հարկատուներին պահանջվող բլանկներով ապահովելու համար: Հետաքրքիր է, ո՞ր կազմակերպությունն է հարկային մարմնի թղթի մատակարարը, ընտրվե՞լ է արդյոք այն մրցույթով եւ ի վերջո պետությունը շահույթ հետապնդո՞ւմ է արդյոք մեկ թերթի համար սահմանելով 10 ՀՀ դրամ արժեքը:
Ապահովագրվա՞ծ է արդյոք հարկային մարմնի կայքն ու համապատասխան ծրագիրը համակարգչային վիրուսներից, հակերային հարձակումներից կամ հարկատուների համակարգիչներում հնարավոր նմանատիպ խնդիրներից: Եւ ո՞վ կփոխատուցի նշված պատճառներով հարկատուների կամ պետության հնարավոր կորուստները: Ապահովվա՞ծ է արդյոք փոխանցվող տվյալների գաղտնիությունը: Չէ՞ որ հաշիվները երկու տնտեսվարողների առեւտրային գաղտնիք են հանդիսանում:
ԷԴԳԱՐ ԲԱԼԱՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment