Friday, January 14, 2011

Արաբ գիտնականները քաղցկեղի դեղ են գտել

Tert.am. 14-1-2011- Արաբ գիտնականները ուղտի մեզի և կաթի խառնուրդից դեղամիջոց են մշակել քաղցկեղի բուժման համար, գրում է «Ուկրինֆորմը»։
Քաղցկեղի բուժմանն ուղղված դեղամիջոց մշակելու աշխատանքներն սկսվել են 2008թ.–ին Շարժայի համալսարանում (ԱՄԷ) տեղի ուղտբույծ Սաիդ Մաթթարա բեն Դալումկա ալ–Քիթաբիի հետ համագործակցությամբ և բարեհաջող ավարտվել են Բաղդադի քաղցկեղի ինստիտուտում։ Նոր դեղամիջոցը գրանցվել է Մեծ Բրիտանիայի պետական արտոնագրային բյուրոյում անցյալ տարվա փետրվարին։
Ըստ Արաբական կենսատեխնոլոգիական ընկերության ներկայացուցչի ՝ գիտնականները պարզել են, որ ուղտերն ունեն բավականին ամուր իմունային համակարգ, որը միաժամանակ ի վիճակի է երիտասարդանալ ամեն անգամ, երբ կենդանին խմում է իր կաթի և մեզի խառնուրդը։ Հենց այդ բացահայտումն էլ մղել է գիտական խմբին ստեղծել քաղցկեղի դեղամիջոց այդ բաղադրամասերի հիմքի վրա։
«Նոր դեղամիջոցը պարունակում է «խելացի» բջիջներ, որոնք քաղցկեղային բջիջների կազմում առաջացնում են թունավոր գոյացություններ` միաժամանակ ոչ մի կողմնակի հետևանք չառաջացնելով»,– ասել է Սաբահ Ջասսիմը։ Նրա խոսքերով՝ ստացված դեղամիջոցի տեստավորումը լաբորատոր մկների վրա ցույց է տվել արյան քաղցկեղի (լեյկեմիա) բուժման 100 %-անոց արդյունք։ Դեղամիջոցը կարելի է նաև օգտագործել թոքերի, լյարդի և կրծքի քաղցկեղի դեպքում։ Այժմ այն կլինիկական փորձաքննություն պետք է անցնի մարդկանց վրա։ Այս մասին գրում է Էմիրաթների ВАМ լրատվական գործակալությունը։
Ուղտի կաթը և մեզը դեղ պատրաստելու համար պատահաբար չեն ընտրվել։ Գիտական փորձաքննությունները ցույց են տվել, որ ուղտի մեզը գործում է որպես հակաբիոտիկ, ուժեղ ազդում է բակտերիաների, վիրուսների վրա, որոնք մի շարք հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Համարվում է, որ ուղտի կաթը մեծ քանակությամբ վիտամինների և միկրոէլեմենտների հետ պարունակում է նաև հակամարմիններ, որոնք օգնում են մարդու օրգանիզմին պայքարել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ հեպատիտ C–ի, քաղցկեղի և ՁԻԱՀ–ի դեմ։ Արևելքում ուղտի կաթը և մեզը որպես դեղամիջոց օգտագործվում է շաքարախտի դեմ։ Այս բուժման մասին հիշատակվում է նաև Մուհամմեդ մարգարեի հադիսներում։

No comments: