Thursday, January 13, 2011

Տեսել եմ՝ ինչպես են հայերին պատշգամբներից նետում. ադրբեջանահայը հիշում է Բաքվի ջարդերի սարսափը

Tert.am. 13-1-2011- «Տեսել եմ՝ ոնց են հայերին գցում բալկոնից, ճանապարհով անցնող աղջիկներին գցում էին մեքենաների տակ, մենք բալկոնից էինք նայում»,- սա ամենասարսափելի տեսարանն է, որը տպավորվել է ադրբեջանահայ Սոնյա Կասպարովի մոտ: Այսօր՝ Բաքվի հայերի ջարդերի 21-րդ տարելիցի օրը, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Սոնյան պատմեց այն սարսափելի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բաքվում և որոնց ականատեսն է եղել ինքը:
«Երեխեքս Աշխաբադ գնացին, ես մնացի մենակ, ինչ կարողացա վերցրեցի ու եկա... էնտեղ կտրում էին, թափում էին, էլ տանկերով... Վախից չգիտեինք՝ ինչ անենք, հայերին կոտորում էին, շատ վատ օր ենք քաշել»,- պատմեց Կասպարովան:
Հայերի ջարդերի օրերին Բաքվում տեղի ունեցող հավաքների, դրանց ժամանակ հնչող հակահայկական հայտարարությունների, այրվող և տանջվող մարդկանց տեսարանների մասին հուզմունքով հիշեց Բաքվի փախստականների խնդիրներով զբաղվող «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը: Նա այդ ժամանակ եղել է 16-17 տարեկան ու դժվարացավ ասել, թե արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ հայերի ջարդերը նախապես կազմակերպված են եղել:
«Հույսի կամար» կազմակերպության նախագահ Արսեն Ավանեսովը տեղեկություններ ներկայացրեց, համաձայն որոնց՝ Բաքվի ջարդերի մեկ շաբաթվա ընթացքում 1990թ. հունվարի 13-19-ը միայն Բաքվում սպանվել են 270 հայեր: Նրա խոսքով՝ հայերը 123 000 բնակարաններ են թողել Ադրբեջանում:
Անդրադառնալով այժմ Հայաստանում ապրող ադրբեջանահայերի խնդիրներին՝ Ավանեսովը նշեց, որ փախստականներն այսօր բախվում են ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրին: Նրանցից շատերը ցանկանում են իրենց ազգանվան ավարտը դարձնել «յան», սակայն ծննդյան վկայականներ չունենալու պատճառով պետք է դատական գործընթացներով անցնեն, ինչը մեծ գումարների հետ է կապված: «Փախստականների խնդիրներ կան, որոնք լուծելու համար պետությունից մեծ ջանքեր պետք չեն, սակայն դրանք չեն լուծվում»,- հայտարարեց Ավանեսովը:

No comments: