Thursday, January 13, 2011

ԻՆՉ ԿՓՈՐՁԻ ՄՈՍԿՎԱՆ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վեստի 24 հեռուստաալիքով իր տված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասել է. «Մենք ջանում ենք հանգուցալուծում շոշափել երկու-երեք խնդիրների հետ կապված, որոնք թեեւ շատ ավելի քիչ են արդեն իսկ համաձայնեցվածների համեմատ, այդուհանդերձ ավելի բարդ են: Գլխավորը, այս փուլում, չխանգարել այդ գործընթացին: Երբ սկսում են ներգրավել այնպիսի կազմակերպությունների ամբիոններ, ինչպիսին ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն, հարցը միանգամից գործնական քննարկումից անցնում է հանրային բանավեճի ոլորտ: Դա, ցանկացած թեմայի քննարկման ժամանակ, չի նպաստում մոտեցումների մերձեցմանը, այլ սադրում է մոտեցումների սրացում եւ կողմերի անտագոնիզացիա», հայտարարել է Լավրովը:
Նա հայտարարել է, թե մինչ այժմ այդպիսի սինդրոմները հաջողվել է հաղթահարել նախագահ Մեդվեդեւի ջանքերով, որը օգնել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ձեւավորել հանգուցալուծում գտնելու մթնոլորտ: «Մենք մտադիր ենք շարունակել մեր ջանքերը: Այդ ջանքերի մասին մենք տեղեկացնում ենք Վաշինգտոնի եւ Փարիզի մեր գործընկերներին, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն հանդիպումից հետո մենք մանրամասն բրիֆինգ ենք անցկացնում համանախագահների համար: Նրանք աջակցում են մեր ջանքերը, եւ, հենվելով այդ աջակցության վրա, մենք կփորձենք այս տարի փոքր ինչ ավելի առաջ գնալ, քան անցյալ տարի», հայտարարել է Լավրովը:

No comments: