Saturday, January 22, 2011

ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱ՞Ն

«ԱԶԳ, 22-01-2011- Հիմնականում արեւմտյան փորձագիտական շրջանակներում վաղուց արդեն շրջանառվում է մի կարծիք, անգամ համոզմունք, որ Ադրբեջանը առանձնահատուկ երկիր է մահմեդական աշխարհում: «Մի կողմիցՙ Բաքուն եղբայրական հարաբերություններ ունի դեպի արաբական աշխարհ շրջված Թուրքիայի հետ, մյուս կողմից` ռազմավարական` գոնե ծրագրեր` Իսրայելի», նկատում են փորձագետները: Իրոք, չնայած հանգամանքին, որ վարչապետ Էրդողանը հրապարակավ հորդորեց իսրայելցիներին հրաժարվել արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանից, քանի որ վերջինս «շատ վտանգավոր է», Լիբերմանը հաճույքով է պարբերաբար լինում Բաքվում, ունենում հեռախոսազանգեր տարբեր ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Ու եթե գումարենք, որ վերջին օրերին առնվազն լրատվական դաշտում ականատես ենք իրանա-ադրբեջանական հակամարտության, ապա միանշանակ ընդունելի է արեւմտյան փորձագիտական շրջանակների կարծիքը` «Ադրբեջանը առանձնահատուկ երկիր է մահմեդական աշխարհում», սակայն մեկ վերապահում` որքանո՞վ է մոլլա սպանող, մզկիթ քանդող, հիջաբ արգելող ու «Իսրայելի հետ ձեռք սեղմող» Ադրբեջանը մահմեդական երկիր: Այս հարցին, թերեւս, պատասխանելով` Իրանի խորհրդարանի պատգամավոր Համիդ Ռասային խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին: Ճիշտ է` Ռասային հիմնականում խոսել է հիջաբի արգելքի մասին, բայց նրա խոսքերում կարելի է տեսնել Ադրբեջանի «մահմեդական չլինելու» այլ ապացույցներ եւս: Այսպեսՙ իրանցի պատգամավորը, ըստ CNNTurk-ի նշել է. «Ամերիկացիները Ադրբեջանում ռազմաբազա ունեն: Այդ պատճառով էլ կարողանում են ազդեցություն գործել Բաքվի ընդունած որոշումների վրա: Ուսումնական կենտրոններում հիջաբի արգելքը ԱՄՆ-ի եւ սիոնիստների ցանկությունն է, քանի որ իսլամական ծածկոցը վտանգում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերը: Պաշտոնական Բաքուն էլ, պետք է նկատել, մշտապես գործում է այդ լոբբիների ցանկություններով եւ հրահանգներով»: Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվա սկզբից ադրբեջանական դպրոցներում պաշտոնապես արգելվել է հիջաբը (աղջիկների մուսուլմանական գլխաշոր): Կառավարության այդ որոշման դեմ Ադրբեջանի խոշոր քաղաքներում` Բաքվում եւ Գանձակում, Ջալիլաբադում, Լենքորանում, Մասալիում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, ոստիկանության հետ բախումներ, ձերբակալվել են 50 հոգի: Այս իրադարձությունների հետ կապված` մեր թերթը հունվարի 19-ի համարում, վկայակոչելով ադրբեջանական ընդդիմադիր «Ենի մուսաֆատ» թերթը, գրել էր, որ նույն թերթի «վստահելի աղբյուրների» տեղեկացմամբ պահանջվում է շիա մահմեդական Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի հրաժարականը, որի անձի վերաբերյալ «ոչ մահմեդականին վայել» կարծիքին են անգամ Իրանում ու Թուրքիայում:
Ադրբեջանը, սակայն, իր «հակաիսլամական լինելը» ապացուցելու համար, կարծես թե չի բավարվում միայն հիջաբ արգելելով: «Թուրան» գործակալության տեղեկացմամբ` հունվարի 20-ին այդ իսլամական երկրում մեղադրանք է առաջադրվել հունվարի 7-ին ձերբակալված Ադրբեջանի իսլամիստական կուսակցության ղեկավար Մովսուդ Սամեդովի նկատմամբ. «Իշխանությունը բռնի կերպով վերցնելու փորձ»: Ստացվում է, որ հարեւան երկրում հեղափոխության փորձ է կատարվել, չնայած Սամիդովը մերժում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները: Հատկանշական է, որ Սամեդովից բացի, ձերբակալվել են Իսլամիստական կուսակցության մի շարք անդամներ եւս, որոնց ճակատագիրը դեռեւս հստակեցված չէ:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ հունվարի 11-ին Բաքվում ձերբակալվեց նաեւ «Ազգային պետականություն» կուսակցության նախագահ Նեյմաթ Փանահլին, որը` 21 տարի առաջ հենց այս օրերին Նեյմաթ Փանահով էր եւ մասսաներին «ոգեւորում էր» «սարքենք երկրորդ Արարատը հայերի գլուխներով» կոչերով: Ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» հունվարի 12-ի համարում, Փանահովը ամենեւին էլ չի ձերբակալվել Բաքվի հայերի սպանդը կազմակերպելու համար, պարզապես հայր Ալիեւի մտերիմ խորհրդականը որդի Ալիեւի օրոք դարձել է ընդդիմադիր, եւ, հատկապես Իսլամիստական կուսակցության նախագահին հասցեագրված մեղադրանքի ֆոնինՙ գուցե եւ ինքն էլ անմասն չի եղել Ադրբեջանում հեղափոխություն անելու փորձերից:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: